Վրաստան-ՆԱՏՕ համագործակցությունը ծառայում է տարածաշրջանում անվտանգության ապահովմանը եւ նպաստում է կայունությանը, այդ թվում նաեւ Ռուսաստանի հարավային սահմաններին: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա հայտարարությունը Վրաստանի եւ Ուկրաինայի կողմից ՆԱՏՕ-ին անդաակցելու հնարավոր հետեւանքների մասին, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։

«Վրաստանը նախկինի պես ձգտում է հակամարտությունների խաղաղ կարգավորմանը։ ՌԴ-ին ներկայացվող մեր նախաձեռնությունների միանշանակ նպատակը ներկայումս գոյություն ունեցող առճակատման պարադիգման խաղաղ տարածությամբ փոխարինելն է, սակայն անհնար է վերականգնել վստահությունը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը եւ հարեւան պետության ինքնիշխանությունը»,-հայտարարել է Մարգվելաշվիլին։

Վրաստանի նախագահի կարծիքով՝ Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում դրական օրակարգ պետք է ստեղծվի ուժի չկիրառման եւ ներքին տեղահանված անձանց վերադարձի մասին համաձայնագրի պաշտպանության ուղղությամբ:

Հիշեցնենք՝ ՌԴ-ում հավատարմագրված դեսպանների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել է, որ «գործընկերները, որոնք խաղում են լարվածության ֆոնին» եւ փորձում են Ուկրաինային կամ Վրաստանին ընդգրկել ՆԱՏՕ-ի կազմում, «պետք է մտածեին նման անպատասխանատու քաղաքականության հնարավոր հետեւանքների մասին»: