Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր՝ հուլիսի 19-ին Նյու Յորքում հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության քաղաքական դեպարտամենտի ղեկավար, գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոսմարի Դիկարլոյի հետ:

ՀՀ ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ Զոհրաբ Մնացականյանը կարեւորել է տարբեր բնագավառներում ՄԱԿ-ի հետ հաստատված արդյունավետ փոխգործակությունը՝ ընդգծելով Հայաստանի նոր կառավարության պատրաստակամությունը համատեղ քայլերով էլ ավելի խորացնելու եւ ընդլայնելու դրա օրակարգը:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալի խնդրանքով՝ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները եւ նոր կառավարության ծրագրի առաջնահերթությունները: Նախարարն ընդգծել է, որ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա կառավարությունը հաստատակամ է շարունակելու երկրում բարեփոխումների գործընթացը՝ ուղղված օրենքի գերակայության, արդարադատության, տնտեսական եւ սոցիալական ոլորտում հավասար հնարավորությունների ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին։

Արտահերթ ընտրությունների անցկացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների համատեքստում Զոհրաբ Մնացականյանը կարեւորել է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ ՄԱԿ կառույցների հետ ակտիվ եւ արդյունավետ համագործակցությունը դրանց պատշաճ կազմակերպման նպատակով։

ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առնչությամբ հայկական կողմի մոտեցումներն ու առաջնահերթությունները, ինչպես նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Բրյուսելում կայացած ճանաչողական բնույթի հանդիպման արդյունքները։