Ղրղզստանում Հայաստանի քաղաքացի Լենիկ Ստեփանյանը 5 տարվա ազատազրկման է դատապարտվել խիստ ռեժիմով գաղութում: Նա մեղադրվում է դիտավորյալ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ:

Մեղադրյալի հարազատներից Անտոնինա Կվաստիանին  վճիռը անօրինական եւ չհիմնավորված է համարում՝ հայտարարելով, որ կբողոքարկեն այն։

Հուլիսի սկզբին Ստեփանյանը փորձել է ինքնասպան լինել դատարանի դահլիճում։ Նա պնդում է, որ անմեղ է։

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի փետրվարի 23-ին Կանտի սրճարաններից մեկում Լենիկ Ստեփանյանի եւ տուժող Ռինատ Իսլամկուլովի միջեւ տարաձայնություն է առաջացել, որը վեճի է հանգեցրել։

Կվաստիանիի խոսքով, տուժողն ու Լենիկը քաշքշել են իրար, որից հետո վեճը դադարել է։ Իսկ փետրվարի 27-ին Ռինատ Իսլամկուլովը դիմել է ոստիկանություն։ Նրա խոսքով, տուժողը ձեւացրել է, թե վերքերը ծեծկռտուքի հետեւանքով է ստացել։