Հայաստանը կմասնակցի Վրաստանում անցկացվելիք բազմազգ Noble Partner 2018 («Արժանի գործընկեր 2018») զորավարժություններին: Զորավարժությունները, որին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների ավելի քան 3 հազար զինծառայողներ, պաշտոնապես կբացվի օգոստոսի 1-ին Վազիանի ռազմական օդակայանի տարածքում (Թբիլիսի արվարձան) եւ կշարունակվի մինչեւ օգոստոսի 15-ը։

«Գրուզիա օնլայն»-ը, վկայակոչելով երկրի Պնախարարությանը, նշում է, որ զորավարժություններին կմասնակցեն զինվորներ Վրաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Լիտվայից, Լեհաստանից, Նորվեգիայից, Թուրքիայից, Ուկրաինայից, Ադրբեջանից եւ Հայաստանից:

«Այս տարի անցկացվելիք զորավարժությունների նպատակն է բարելավել պաշտպանական, հարձակողական, ինչպես նաեւ կայունության ապահովման գործողությունների անցկացման հմտությունները, բարձրացնել Վրաստանի, ԱՄՆ-ի եւ գործընկեր երկրների զինված ուժերի պատրաստակամությունը եւ համատեղելիությունը , նպաստել Սեւծովյան տարածաշրջանի կայուն եւ անվտանգ միջավայրի պահպանմանը»,-հայտարարել են Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունում։

Զորավարժություններն այս տարի ավելի լայնամասշտաբ կլինեն, ավելացվել է գերմանական զրահատեխնիկայի եւ ամերիկյան ավիացիայի քանակը։