Hyperloop Transportation Technologies (HTT, ԱՄՆ) ընկերությունը չինական պետական ձեռնարկություններից մեկի հետ համատեղ ընկերություն կստեղծի, որը Չինաստանի հարավում Գույչժոու նահանգում կզբաղվի երկրում առաջին գերարագ վակուումային փոխադրումների ուղիների կառուցմամբ, հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:

«Չինաստանն աշխարհում առաջատար դիրքեր է գրավում արագընթաց երկաթուղիներով հեռավոր տարածություններ փոխադրումների երկարությամբ: Հիմա Չինաստանի իշխանությունները որոնում են մեծ հեռավորություններով փոխադրումների ավելի արդյունավետ միջոց՝ «հիպերհանգույց» [վակուումային խողովակաշար] տեխնոլոգիայի օգնությամբ»,- ասել է HTT տնօրենների խորհրդի նախագահ Բիբոպա Գրեսթուն:

Նրա խոսքով՝ ուղեւորների եւ բեռների գերարագ տեղափոխության նոր տեսակը Չինաստանի իշխանություններին թույլ կտա լուծել շատ կենսական հարցեր: Ծրագրի համաձայն՝ առաջին փուլում վակուումային ուղու երկարությունը կկազմի 10 կմ, իսկ հետագայում այն կերկարացվի:

«Հիպերհանգույցի» հայեցակարգն առաջարկվել է 2012 թվականին կանադա-ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկի կողմից: Ըստ այդմ՝ պարկուճ-գնացքը ընթանում է հատուկ վակուումային խողովակաշարով՝ զարգացնելով ավելի քան 1,2 հազար կմ/ժ արագություն: Նախատեսվում է, որ այս նախագիծն ապագայում կմրցակցի ավիա- եւ երկաթուղային տրանսպորտի հետ, թույլ կտա ամբողջությամբ տեսակափոխել աշխարհում գոյություն ունեցող տրանսպորտային ենթակառուցվածքը: