ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման համար կասկածյալները հարձակումից անմիջապես հետո լքել են Միացյալ Թագավորությունը, հաղորդում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով CNN-ը: Ինչպես հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով հետաքննության ընթացքին ծանոթ իր աղբյուրները,  կասկածյալները լքել են երկիրը կոմերցիոն ավիաչվերթով:

Կասկածյալներին հայտնաբերելու համար օգտագործվել է դեմքի ճանաչման տեխնոլոգիան: Սակայն աղբյուրը չի նշել, թե ուր են մեկնել կասկածյալները: Կասկածյալների ազգությունը նույնպես չի հաղորդվում:

Հայտնի է, որ նրանք կեղծ անուններ են օգտագործել, բրիտանական իշխանությունները նախկինում չեն համարել, որ դրանք կարող են կապված լինել որեւէ հետախուզական կառույցի հետ:

Հուլիսի 19-ին բրիտանական ԶԼՄ-ներում հաղորդումներ հայտնվեցին այն մասին, որ ոստիկանությունը պարզվել է Սկրիպալներին թունավորողների ինքնությունը: Սակայն Սքոթլենդ Յարդում այս պնդումը հրաժարվել են մեկնաբանել: Լոնդոնում Ռուսաստանի դեսպանը բրիտանական իշխանություններից պահանջել է հայտնել կասկածյալների անունները, եթե այդպիսիք կան:

Որոշ ժամանակ անց Մեծ Բրիտանիայի ներքին գործերի փոխնախարար Բեն Ուոլեսը հերքել է տեղեկությունն այն մասին, որ ոստիկանությանն իբր հաջողվել է բացահայտել Սկրիպալների թունավորողներին: