Հայաստանն ակտիվ բանակցում է Վերին Լարսին այլընտրանք գտնելու ուղղությամբ տարվող աշխատանքներում:  Այդ մասին այսօր՝ հուլիսի 20–ին,  ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ գոյություն ունի պայմանագիր նոր սխեմայի մասին, որի կողմ Հայաստանի Հանրապետությունը չի հանդիսանում, սակայն հայկական կողմը շատ  հետաքրքրված է այդ նախագծով:  «Խոսքը Վրաստանի, Ռուսաստանի եւ շվեյցարական ընկերության միջև եռակողմ համաձայնության մասին է։ Շվեցարական ընկերությունը պետք է պայմանականորեն օգնի, որ վրացական և ռուսական մաքսային ծառայությունները հնարավորություն ունենան իրենց գործառույթներն իրականացնել: Մոդելը հետեւյալն է՝ նրանք պետք է Վրաստանի տարածքում կապարակնքեն բեռները, ապա Ռուսաստանի տարածքում, վրաց մաքսավորների ներկայությամբ ու նրանց հետ համագործակցելով, հանեն կապարակնիքները: Սրա հետ կապված համաձայնությունները կնքված են: Հայաստանը, համաձայնության կողմ չլինելով, բնականաբար, շատ շահագրգռված է, որ այդ նախագիծն իրականացվի»,- ասաց Փաշինյանը,  ընդգծելով, որ թե ռուսաստանցի, թե վրացի գործընկերները հավաստիացնում են, որ պատրաստ են կյանքի կոչել ծրագիրը:

«Այնտեղ հիմա ենթակառուցվածքների խնդիր կա, դրանք պետք է պատրաստվեն: Ցավոք, մենք կողմ չենք և խնդրի լուծումները մեր հասանելիության տիրույթում չեն, սակայն մենք բնականաբար ակտիվ բանակցում ենք: Ընդհանուռ առմամբ, մենք հույս ունենք, որ այս մեխանիզմը կաշխատի»,- ասաց նա: