Մենք պետք է բացառենք իրավիճակները, երբ ինչ-որ նախագծեր իրականացվում են ի հեճուկս ազդակիր համայնքների: Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով փաստին, որ դեռեւս մեկ տարի առաջ կառավարությունը որոշել է, որ Դեբեդ գետի վրա պետք է հեկ կառուցվի, սակայն Ալավերդի քաղաքի ու հարակից գյուղերի բնակիչները դրան դեմ են, բողոքի ակցիաներ են իրականացնում: Ավելին, Ալավերդու եւ Թումանյանի ավագանիները հեկի կառուցման դեմ որոշում է կայացրել:

Այս առնչությամբ, Փաշինյանն ասաց, որ օրերս էներգետիկ ոլորտին նվիրված խորհրդակցություն են անցկացրել, որտեղ քննարկվել է նաեւ այդ հարցը. «Մենք սկզբունքորեն բացառել ենք, որ որեւէ համայնքի տարածքում կամ որեւէ նախագիծ կիրականացվի առանց ազդակիր համայնքների համաձայնության:

Դուք գիտեք, որ այդ նախագծի վերաբերյալ տարբեր կարծիքներ կան, այդ նախագիծը դեռեւս շրջակա միջավայրի փորձաքննություն չի անցել եւ դրա հետ կապված նույնիսկ, երբ որ Վանաձոր-Ալավերդի ճանապարհի նորոգման պրոցես է գնում, եթե հաշվի առնվեր այդ նախագիծը, այն պետք է փոխվեր, բայց նախատեսված էր, որ այդ փոփոխման ծախսերը պետք է իրականացնի հեկի ներդրողը:

Մենք հիմա որոշում ենք կայացրել, որ այդ ճանապարհը պետք է կառուցվի առանց նախագծի փոփոխության: Եթե ազդակիր համայնքները չուզենան, որ այդ նախագիծն իրագործվի, դա չի իրագործվի»,-վստահեցրեց Փաշինյանը՝ հավելելով. «Որեւէ դեմ պայքարելու կարիք չկա»:

Անդրադառնալով հարցին, թե որքանով է հնարավոր, որ կառավարությունը ազգայնացնի Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը, վարչապետն ասաց, որ բոլոր մետաղական հանքերում իրականացնելու են ստուգումներ. «Ամեն ինչի համար պետք է լինի իրավական հիմնավորում, բացառված է, որ կամայական որեւէ որոշում կայացնենք, եթե անգամ հոգու խորքում նման որոշում կայացնելու ցանկություն լինի:

Սեփականատերերի մասին այո, կան լուրեր, օպերատիվ տեղեկություններ եւ այդ ամենը ճշտված պրոցեսի մեջ է: Եթե ստուգման արդյունքում պարզվի, որ իրավական քայլ անելու հիմք կա, մենք դա կանենք, եթե տեսնենք՝ չկա հիմք, չենք անի»:

Փաշինյանն անդրադարձավ նաեւ մասնավորեցված գործարաններին, որոնք չեն աշխատում. «Դա մի հարց է, որ անկախությունից ի վեր եղել է. դուք գիտեք, որ մասնավորեցումները լինում են որոշակի պայմանագրերի հիման վրա եւ որոշակի ներդրումային  պարտավորությունների շրջանակներում: Մենք պետք է նայենք, թե իրավական ինչ բազա ունենք: Երբ ասում ենք ախտորոշման խնդիր կա, դրանք իսկապես մեծ ծավալների են:

Մենք կառավարության նիստերում մի քանի մասնավորեցման որոշում չընդունեցինք եւ որոշեցինք, որ դրանց մեջ պետք է հավելյալ պայմաններ մտցնենք, ինչը հիմա անում ենք: Մի քանի դեպքում, երբ ներդրումային ծրագիր էր իրականացվում, մենք պայմանագրում կետ ենք ավելացնում, որ եթե պայմանները չեն կատարվում, կառավարությունն իրավասու է այդ տարածքը հետ գնել օրինակ հազար դրամով, կամ նույն գնով, ինչով վաճառվել է:

Սա ճիշտ պրակտիկա է եւ հետագայի համար պետք է անել, որպեսզի այդ սեփականաշնորհումները ոչ թե փախեփախի համար արվի, այլ տնտեսության մեջ ռեալ փոփոխություններ բերելու:

Եթե մեկը սեփականաշնորհել է ու իր պարտավորությունները չի կատարել, պետք է քննարկել այդ հարցը, թե ինչու չի կատարել: Ես չեմ ասում, որ պետք է ասենք՝ վայ՝ պարտավորությունդ չես կատարել, հիմա գանք սեփականությունը վերցնենք: Պետք է օգնենք, որ նրանք իրենց պայմանագրային պարտավորությունները կատարեն»: