Բոլոր շփումներում Հայաստանի Հանրապետության շահերին առնչվող բոլոր հարցերը, կամ առնվազն հարցերի որոշ շրջանակ, որն այդ օրակարգի հետ առնչվում է, բարձրացնվում են։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 20–ին,  ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Բելառուսի, Իսրաելի եւ Սլովակիայի՝ Ադրբեջանին զենք վաճառելու փաստին եւ Հայաստանը պետք է իր մտահոգությունը հայտնի այդ առիթով, թե՝ ոչ։ 

Վարչապետի խոսքով՝ Իսրաելում Հայաստանի դեսպանը նոր է սկսել իր գործունեությունը եւ նրա նստավայրը Երեւանում է, եւ առաջին անգամ Իսրաել մեկնելուց առաջ  դեսպանին ընդունել է, զրուցել եւ որոշակի հանձնարարություններ տվել։

«Ուզում եմ մի բան արձանագրենք, որ բոլոր շփումներում, ես Հայաստանի Հանրապետության շահերին առնչվող բոլոր  հարցերը, կամ առնվազն հարցերի որոշ շրջանակ, որն այդ օրակարգի հետ առնչվում է, բարձրացնում եմ։ Ինչ վերաբերում է Բելառուսի նախագահի  հետ հանդիպմանը՝ այո, այդ հարցը նույնպես բարձրացրել եմ, եւ մենք այդ թեմայով զրուցել ենք, եւ արտահայտել եմ մտահոգություններս։ Այդ հարցը շարունակելու է մնալ օրակարգում։ Տեսեք, նույն ՀԱՊԿ–ի շրջանակում, մենք ինչ ենք ասել նախկինում, եւ ինչ ենք ասում այսօր։ Եկեք փոխադարձ պարտավորությունների ճշտում իրականացնենք, եթե մենք ՀԱՊԿ–ում ենք՝ նշանակում է, որ մենք ձեր առջեւ ունենք պարտավորություններ, դուք՝ մեր։ Եկեք ճշտենք այդ պարտավորությունների շրջանակը եւ պահպանենք։ Մեր խնդիրն է բարձրացնել մեր մասնակցության արդյունավետությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում։ Հետեւաբար նաեւ բարձրացնել կազմակերպության արդյունավետությունը, եւ մենք դրա համար ամեն ինչ անելու ենք։ Մենք անընդհատ խոսում ենք պատերազմի հնարավորության մասին, իսկ ինչի՞ պետք է պատերազմի վերսկսման մասին խոսենք առանձին համատեքստում, երկու երկրների համատեքստում։ Այո, ես համոզված եմ, որ Ռուսաստանի դաշնությունը ունի բոլոր լծակները տարածաշրջանում էսկալացիան թույլ չտալու համար։ Ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր, դարավոր բարեկամ  Ռուսաստանը թույլ տա տարածաշրջանում պատերազմի վերսկսում։ Ես չեմ կարող հավատալ, որ Ադրբեջանի նախագահը  կհամարձակվի որեւէ գործողության կամ սադրանքի, առանց աշխարհաքաղաքական այդպիսի պայմանների առկայության, հետեւաբար, մենք պետք է մեր բոլոր պայմանագրային փախադարձ պայմանավորվածությունների նկատմամբ լինենք առավել նախանձախնդիր եւ անկեղծ։ Տեսեք՝ ասում եք, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում ընկալվում է այսպես, այնպես... Մոսկվա կատարած իմ վերջին այցից հետո ասեցի հետեւյալը, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է լինեն առանց մութ անկյունների։ Մենք բացարձակապես բաց, անկեղծ քաղաքականություն ենք վարում եւ Ռուսաստանի, եւ ԵՄ–ի, եւ ՆԱՏՕ-ի  եւ բոլորի հետ։ Այսինքն, որեւէ հարաբերության մեջ մեր որեւէ ուրիշ գործընկերոջ նկատմամբ ոչ մի դավադրություն չկա եւ չի կարող լինել։ Ամեն ինչ պետք է լինի բաց, պարզ եւ թափանցիկ։ Ինձ նույնիսկ չի հետաքրքրում այդպես ընդունված է միջազգային հարաբերություներում, թե՝ ոչ։ Ես հարաբերությունները պատկերացնում եմ այսպես։ Եւ խոսակցությունը Բելառուսի նախագահի հետ եղել է հենց այդ համատեքստում՝ ուղիղ, պարզ եւ այդ խոսակցությունը կշարունակվի բոլոր առիթներին եւ շարունակվում է հեռակա։  Մեր հայրենիքից ավելի կարեւոր առջանահերթություն մենք չունենք»,– ասաց Փաշինյանը։