Մի շարք պատճառներով՝ Հայաստանի ցանկացած կառավարություն համեմատաբար միանման վարք կդրսեւորի Կրեմլի նկատմամբ: Այս մասին հուլիսի 20-ին Երեւանում կայացած «Հայաստանն ու Ռուսաստանը. իրողություններ, խնդիրներ եւ հնարավորություններ» թեմայով համաժողովին հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ ռուս-հայկական քաղաքական հարաբերությունները որոշակի հանգամանքների արտահայտումն են՝ ինչպես աշխարհագրական, այնպես էլ աշխարհաքաղաքական: «Այս ամենը, իր հերթին, հանգեցնում է նրան, որ Հայաստանի ցանկացած իշխանություն նույն կերպ վարվելու է պաշտոնական Մոսկվայի նկատմամբ»,- պարզաբանել է Իսկանդարյանը:

Ընդ որում, ըստ քաղաքագետի, խնդիրների թվում, որոնք ՀՀ ցանկացած ղեկավարությանը ստիպում են համեմատաբար միանման վարք դրսեւորել Կրեմլի նկատմամբ, երկու փակ սահմանների առկայությունն է, Թուրքիայի փաստացի անդամակցությունը ՆԱՏՕ-ում եւ որեւէ լուրջ զենք ձեռք բերելու հնարավորությունն է:

Միեւնույն ժամանակ, փորձագետը նշել է, որ հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգը շարունակում է մնալ կենացների մակարդակում: «Պետք է հասկանալ, որ հայերի եւ ռուսների միջեւ հարաբերությունները տարբերվում են Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններից, եւ երկկողմ օրակարգի թարգմանությունը «կենացների» ձեւաչափի խոչընդոտում է հիմնական խնդիրների վերհանմանը ու լուծմանը»,- ասել է Ալեքսանդր Իսկանդարյանը: