Ոստիկանության խնդիրն է սիրո եւ համերաշխության մթնոլորտը պահպանելը, բայց դա չի նշանակում, որ ոստիկանությունն որեւէ օրինախախտման նկատմամբ պետք է լինի փափուկ, որովհետեւ օրինախախտումները սիրո եւ համերաշխության մթնոլորտի թիվ մեկ թշնամին են: Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի բացմանը իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որեւէ մեկի արտոնյալության կարգավիճակից է խաթարվում սիրո եւ համեշախության մթոնոլորտը: Այս առումով, ցավոք, ազդակներ եմ ստանում, որ շատ դեպքերում այո՛, մարդիկ նկատում են, որ օրինակ՝ ճանապարհային ոստիկանության գործելակերպն էականորեն փոխվել է, բայց նաեւ որոշ դեպքերում, ցավոք, ահազանգ եմ ստանում, որ երբեմն ճանապարհային ոստիկանությունն այնքան փափուկ է օրինախախտների նկատմամբ, որ դա քաղաքացիների շրջանում դժգոհություն է առաջացնում: Ցավոք, Հայաստանում Խորհրդային միության փլուզումից եւ անկախության հաստատումից հետո ժողովրդավարություն եւ ամենաթողություն բառերը շատ դեպքերում հանրային գիտակցության մեջ հավասարվել են իրար: Բայց ես ուզում եմ ասել, որ ամենաուժեղ իրավակարգերը եւ օրենքի նկատմամբ ամենախիստ պահանջները դրվում են ժողովրդավարական հասարակությունների մեջ:

Այսինքն, ժողովրդավարական հասարակությունը հիմնված է իրավունքի գերակայության, օրենքի գերակայության վրա: Եվ եթե մենք օրինախախտումների նկատմամբ չափազանց խիստ մոտեցումներ չենք ցուցաբերում՝ դա ժողովրդավարության առաջին հակոտնյան է: Մյուս կողմից, այս խնդիրը մենք պետք է լուծենք նաեւ մարդու իրավունքների պաշտպանությամբ եւ գործենք որոշակի սահմանափակումների շրջանակներում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կրկին անդրադառնալով ադապտացիայի շրջանին՝ վարչապետը նկատել է, որ անխուսափելիորեն լինելու են մարդիկ, որոնք անցնելու են այն, այսինքն՝ հարմարվելու են նոր պայմաններին, ոգեւորված են լինելու այն հնարավորություններից, որ այսօր բացվել են: «Իհարկե, բազմաթիվ հնարավորություններ էլ փակվել են եւ պետք է փակվեն: Բայց այս շրջանում յուրաքանչյուրը պետք է ունենա այս շրջանը բարեհաջող անցնելու հնարավորություն, եթե դրա համար չկան շատ լուրջ պատճառներ, որոնք բացառում են այդ հնարավորությունը: Չի կարող լինել այնպիսի քայլեր, որոնք խորթ են Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների գաղափարախոսությանը կամ այնպես, որ տեղի ունեցած փոփոխություններն աշխատեն քաղաքացիների մի խմբի օգտին եւ մի խմբի դեմ: Մեր գործողությունների հիմքում այսպիսի գաղափարախոսություն չկա, չի եղել եւ եթե լիներ՝ կարծում եմ այս փոփոխությունները տեղի չէին ունենա: Սա ամենակարեւոր խնդիրն է: Մեր նպատակն է՝ համախմբել հանրության լավագույն ներուժը, հանրային կյանքը դարձնել առավել ներառական, որպեսզի կարողանանք իսկապես մեր երկրին զարգացման նոր ուժ, նոր խթան, նոր ոգեւորություն, նոր էներգիա հաղորդել: Հայաստանում ձեւավորված էներգիայի մի մասը, իր չափաբաժինը պետք է ստանա նաեւ ՀՀ ոստիկանությունը: Այս ողջ գործընթացի ընթացքում անընդհատ, հենց առաջին օրից փորձել ենք այսպես ասած պայմանական բարիկադները քանդել եւ կարծում եմ, որ այսօրվա մեր զրույցն ապացույցն է նրա, որ այդ բարիկադները քանդված են: Կոչ եմ անում ձեզ որպեսզի յուրաքանչյուր ոստիկան օգտվի այդ հնարավորությունից, դրանից որեւէ մեկը զրկված չէ եւ այդ հնարավորությունից օգտվելը նշանակում է անառարկելիորեն ծառայել օրենքին, իրավունքին, իրավակարգին»,- ասել է վարչապետը՝ անհրաժեշտ համարելով քննարկել նաեւ ողջ պետական համակարգի, այդ թվում՝ ոստիկանության արդյունավետության բարձրացման հարցերը:

«Հնարավոր են եւ մեծ հավանականությամբ տեղի են ունենալու որոշակի կառուցվածքային փոփոխություններ, որոնց նպատակը լինելու է հենց իմ ասած խնդիրների լուծման առավել արդյունավետ լինելը: Այդ ողջ ընթացքում բացառվելու է «մերոնց եւ ձերոնց» բաժանելու գործընթացը: Տեղի ունեցած փոփոխությունների առանցքային նպատակը եղել է եւ կա Հայաստանում բաժանարար գծերը վերացնելը: Հայաստանում քաղաքական մակարդակում բաժանարար գծերը վերացված են եւ իսկապես լիարժեք պետք է համախմբումը կարողանանք ապահովել»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: