15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանին սպանելու մեջ  մեղադրվող Կարեն Կունգուրցեւն ազատ է արձակվել  500,000 դրամ գրավի կիրառմամբ: Այս մասին հայտնում է Հելսինկյան ասոցիացիան:

Վճռաբեկ դատարանը որոշել է  փոփոխել 7 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Կունգուրցեւի խափանման միջոցը՝ մասամբ բավարարելով թե պաշտպանական, եւ թե տուժող կողմի բողոքները: ՀՀ Վճռաբեկ դատարանը Կարեն Կունգուրցեւի նկատմամբ որոշեց կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ 500,000 դրամ գրավ:

Դատարանը որոշեց նաեւ գործն ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Կարեն Կունգուրցեւը մեղադրվում էր Լոռու մարզում 2013 թվականի հոկտեմբերի 15-ին հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանին սպանելու մեջ։ 31 ամիս անազատության մեջ գտնվելուց հետո Կարեն Կունգուրցեւին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանն անմեղ է ճանաչում եւ  2016թ․ ապրիլի 15-ին ազատ է արձակում։

Սակայն 2017թ․ հուլիսի 18-ին Վերաքննիչ դատարանը՝ Մանուշակ Պետրոսյանի նախագահությամբ, Կարեն Կունգուրցեւին առաջադրված սպանության փորձի մեղադրանքը փոփոխում է, այն որակելով որպես անձին դիտավորությամբ մարմնական վնասվածք հասցնել, որն առաջացրել է մահ։ Արդյունքում նա դատապարտվում է 7 տարվա ազատազրկման։

Վերաքննիչ բողոք է ներկայացրել ոչ միայն պաշտպանական, այլ նաեւ տուժող կողմը՝ պահանջելով ճանաչել Կարեն Կունգուրցեւի անմեղությունը:

«Արդեն 5 տարի է որդիս մահացած է, սակայն չկա այն անձը, ով պետք է դատապարտվի որդուս սպանության համար։ Կարեն Կունգուրցեւն անմեղ է եւ չի կատարել այդ հանցանքը։ Պատասխան պետք է տա այն անձը, ով կատարել է հանցանքը»,- դիմելով Վճռաբեկ դատարանին՝ ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հակոբ Հովակիմյանը։