Մենք արդեն այսօր 207 հազար քաղաքացու աշխատավարձը 5 հազար դրամով ավելացրել ենք: Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կառավարությանը կհաջողվի տնտեսական աճը հասցնել քաղաքացիներին:

Նրա խոսքով, մարդկանց կենսամակարդակը կապված է տնտեսության վիճակի հետ. «Մեր խնդիրը ներառող տնտեսական համակարգ ձեւավորելն է, իսկ դա նշանակում է, որ եթե իշխանությունը մեկին տվել էր արտոնություն, որ այդ մեկն ունենա մենաշնորհային ոլորտ ու մեծ հարստություն կուտակի, մեր քաղաքականությունն ուղղված է նրան, որ այդ մենաշնորհային ոլորտում ձեւավորվող արդյունքը բաշխվի հնարավորինս մեծ թվով մարդկանց միջեւ»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ կա տնտեսական պայմանների էական փոփոխություն:

«2018 թվականի բյուջեով սուբվենցիաների համար գումար նախատեսված չի եղել, մենք արդեն այսօր 10 մլրդ դրամ ենք ուզում դնել, որ դրանք ծախսվեն համայնքների կարիքների համար: Մենք 20 ամսում 20 մլրդ դրամ գեներացրել ենք, այդ գումարը մտնելու է բյուջե եւ ծախսվելու է մեր կարիքների համար: Պետք է այնպես ծախսենք, որ մարդիկ զգան դա:

Մենք արդեն այսօր 207 հազար քաղաքացու աշխատավարձը 5 հազար դրամով ավելացրել ենք: Եթե այդ փոփոխությունը չեն զգում, ուրեմն խնդիրը աշխատավարձը 5 հազար դրամով ավելացնելը չի, այլ տեւական ու կայուն զարգացում ապահովելը»,-հայտարարեց վարչապետը:

Նա հիշեցրեց, որ նախկինում կառավարություններ են եղել, որոնք պետական պարտք են ավելացրել թոշակ բարձրացնելու համար. «Հիմա ենթադրենք համայնքում ջրագիծ պետք է կառուցվի, որի արժեքը 100 մլն դրամ է, որի 40 մլն-ը պետք է դնի համայնքը: Բայց որտեղի՞ց դնի, եթե համայնքի ղեկավարը իր ազգուտակին նշանակել է դպրոցի պահակ, չգիտեմ ինչ, ու ամեն ամիս աշխատավարձ է տվել, չնայած էդ մարդիկ էդ գործը չեն արել: Հիմա մենք ի՞նչ անենք, ասենք՝ ոչինչ, որ տենց բան ես արել, առ էս 100 մլրդն էլ վերցրու, տար տես ում ես մոտիկներից բանից, էլի բաժանում»: