ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի արեւմտյան թեւը կպարգեւատրի Ռեժիսոր Դեւիդ Լի Ջոնսի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Մերժման ճարտարապետները» (Architects of Denial) վավերագրական ֆիլմի գործադիր պրոդյուսերներին ու ստեղծագործական թիմին: Վերջիններս կստանան ANCA-WR-ի Excellence in Media մրցանակը, հաղորդում է «Ասպարեզը»:

ANCA-WR-ի գործադիր տնօրեն Նոռա Հովսեփյանն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Մերժման ճարտարապետները» ֆիլմը շատ արդյունավետ գործիք է պատմական փաստը հերքող թուրքական եւ ադրբեջանական լոբբիստական խմբերի դեմ պայքարում: Ֆիլմը մեծ էկրան է բարձրացել 2017 թվականի աշնանը:

Ֆիլմի հերոսներն են պատմաբաններ, գիտնականներ, ցեղասպանությունների փորձագետներ, WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որոնք քննարկում են, թե ինչու են Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան մինչ օրս վիճարկում պատմական փաստերը` հրաժարվելով թուրքերի արածին տալ ցեղասպանություն սահմանումը:

Նշենք, որ մրցանակի հանձնման արարողությունը կկայանա հոկտեմբերի 7-ին՝ Beverly Hilton հյուրանոցում: