Խնդրում եմ մի դրեք ախտորոշում, որ այլեւս որեւէ կոնսենսուս հնարավոր չէ: Այս մասին այսօր` հուլիսի 20-ին, ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ քննարկումների ժամանակ ասաց ՀՀԿ կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանը:

«Ես դարձյալ փորձում եմ որոնել որոշակի կոնսենսուսներ` որ մոդելը, ինչ ձեւով ձեւափոխված, որ կարողանանք գալ ընդհանուր հայտարարի, խնդրում ենք մի կտրեք այս փուլը»,-ասաց Հարությունյանը:

«Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ հակադարձեց, որ Դավիթ Հարությունյանը քիչ առաջ նշեց, որ եթե իրենց առաջարկը չի անցնելու, նրանք կպաշտպանեն «Դաշնակցության» մոտեցումը, բայց կոնսենսուսի փնտրտուքը չպիտի լինի ձգձգելու նպատակ հետապնդող գործընթաց:

«Մեր քննարկումների ժամանակ ասվել է հետեւյալ բանը, որ, ախպեր ջան, դուք չե՞ք իշխանությունը, գնացեք, էդ կամերաները որտեղից ուզում եք հանեք, բերեք, դուք չե՞ք իշխանությունը կազմակերպեք: Եւ էդ բեռը կրողը, գործադիր իշխանությունը ասում է`ախպեր ջան, բայց եթե ես էս տարբերակը ընդունեմ, էդ բեռը կկարողանամ կրել էն ժամկետների մեջ, որոնց մեջ մենք ուզում եմ ընտրությունների բեռը կրել եւ սա է խնդիրը»,-ասաց նա:

Դավիթ Հարությունյան էլ պատասխանեց, որ այն ժամանակ հեշտ էր քննադատելը իրենց, իսկ հիմա ինքն առաջարկում է տեսախցիկները հավաքել, որը Կառավարության տարբեր մարմինների ենթակայությունների տակ է գտնվում:

Մարուքյանն էլ ասաց, որ ՀՀԿ-ն իրավունք չուներ այդ տեսախցիկները բաժանել, ինչին Հարությունյանն ասաց, որ այդ տեսախցիկները ՀՀ սեփականությունն է, եւ իրենք կարող էին տրամադրել տարբեր կառույցների:

Նշենք, որ ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ կոնսենսուսի գալու փոխարեն այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ բավական բուռն քննարկում, մասնակիցները բավական կոշտ կերպով բանավիճեցին միմյանց հետ:

Ընտրական օրենսդրության փոփոխությունները քննարկող ԱԺ-ում ներկայացված 4 ուժերն արդեն ավելի քան մեկ ամիս է՝ քննարկում է տարածքային ցուցակների կամ, այսպես կոչված, ռեյտինգային համակարգի վերացման հարցը, ինչն ամրագրված է նաև Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրում։ Բոլոր ուժերն էլ դեմ չեն դրան, բայց համամասնական ընտրակարգի սեփական տարբերակներն ունեն։