«168 ժամ» թերթը գրում է. «Ինչպես հայտնում են «168 Ժամի» դիվանագիտական աղբյուրները, օգոստոսին նախատեսվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան: Այցի առիթն է դեռեւս 2017 թվականի Արեւելյան գործընկերության Բրյուսելյան գագաթաժողովի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կանցլերին հղված հրավերը: Հայտնի է նաեւ, որ Մերկել-Սարգսյան շփումներ էին եղել նաեւ Եվրոպական Ժողովրդական կուսակցության շրջանակներում, իսկ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը ՀՀԿ ամենակարեւոր միջազգային գործընկերներից մեկն է: Անգելա Մերկելի նախատեսվող այցը հետաքրքիր է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսելյան երկօրյա աշխատանքային այցի եւ ձեռք բերված արդյունքների, դրանից հետո առաջացած խմորումների համատեքստում։

Հիշեցնենք, որ Բրյուսելյան այցը փորձագետների եւ քաղաքական գործիչների կողմից տարբեր՝ հակասական, դրական եւ բացասական գնահատականների արժանացավ։ Այցից հետո Նիկոլ Փաշինյանի կողմից կտրուկ հայտարարություններ հնչեցին եվրոպական ուղղությամբ։ Ամփոփելով արդյունքները՝ նա ասել էր, որ այն ծանոթությունների հաստատման այց էր։ Նշել էր նաեւ, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար արտաքին քաղաքական օրակարգ չէ, այլ՝ արժեհամակարգ, եւ բարեփոխումների իրականացման գործում ակնկալում է ստանալ Եվրամիության քաղաքական եւ ֆինանսական աջակցությունը: Միեւնույն ժամանակ՝ վարչապետն ընդգծել էր, որ Հայաստանը հայցվոր չէ, եւ բարեփոխումները տեղի են ունենալու՝ անկախ այդ աջակցությունից: Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը բաց չի թողնելու բարեփոխումներ իրականացնելու այս հնարավորությունը, սակայն ԵՄ-ն կարող է բաց թողնել դրանց աջակցելու հնարավորությունը:

Հիշեցնենք նաեւ, որ Ֆեյսբուքում Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել այն մասին, որ ԵՄ գործընկերներից մեկի հետ հանդիպման ժամանակ տարակուսանք է հայտնել, որ ԵՄ-ն հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող աջակցության ծավալը չի ավելացնում: «ԵՄ մի պաշտոնյա արձագանքեց, թե՝ ինչո՞ւ եք այդպես ասում, 10 միլիոն եվրոյով ավելացրել ենք: Ես էլ ասացի, որ մենք մի քանի քրեական գործերով արդեն 42 միլիոն դոլար ենք գեներացրել, ու եթե մեր հայտնի կոռուպցիոներներից մեկին մի լավ թափ տանք, գրպաններից այդքան գումար կթափվի: Ասածիս իմաստն այն է, որ ժողովրդավարական Հայաստանը շատ ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում»: