ԱՄՆ դատարանը տարբեր ժամկետներով ազատազրկման է դատապարտել հանցախմբի 21 անդամներին, որը խաբեբայական գործողություններ է իրականացրել։ Խումբը տեղակայված էր Հնդկաստանում, իսկ դրա զոհերը ԱՄՆ բնակիչներն էին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Մեղադրանքի տվյալներով, խաբեբաները հազարավոր ամերիկացիներից հարյուրավոր միլիոններ էին թալանել։ Նրանք օգտվել են  խաբեության տարբեր մեթոդներից, այդ թվում ներկայանալով Հարկային ծառայության ու Ներգաղթի և քաղաքացիության հարցերով ծառայության աշխատակիցներ։

Շատ դեպքերում նրանց զոհերն էին դառնում ներգաղթականները, որոնք վատ են տիրապետում անգլերենին ու չեն հասկանում ամերիկյան իրողությունները կամ էլ տարեց մարդիկ։ Խաբեբաները զանգահարում էին նրանց ու հայտնում, որ նրանք պարտավոր են անհապաղ մեծ գումարներ փոխանցել ԱՄՆ դաշնային կառավարությանը՝ հակառակ դեպքում իբրև նրանց կալանավորում կամ արտաքսում է սպառնում։ Հանցագործները օգտագործում էին ստացված գումարների կանխիկացման ու օրինականացման բարդ սխեմաներ։

Լայնածավալ խաբեության կազմակերպիչը 42-ամյա Միտեշկումար Պատելն էր, Չիկագոյի բնակիչ, որը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։

ԱՄՆ արդարադատության նախարարությունը պահանջում է արտահանձնել 32 կասկածյալների, որոնք գտնվում են Հնդկաստանում ու պատասխանատվության ենթարկել հինգ քոլ կենտրոնների սեփականատերերին, որոնք նույնպես Հնդկաստանում են գտնվում։