ՀՅԴ-ն տրամադրված է մասնակցելու Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

«Մենք դեռ վերջնական որոշում չունենք, եղել են նախնական քննարկումներ: Մեր տրամադրվածությունն այնպիսին է, որ պետք է մասնակցենք Երեւանի քաղաքապետի ընտրություններին»,- ասաց Արսեն Համբարձումյանը՝ նշելով, որ սա վերաբերում է նաեւ մյուս համայնքներում աշնանը կայանալիք ընտրություններին:

Նշենք, որ Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հրաժարական դիմում էր ներկայացրել հուլիսի 9-ին: Երեւանի ավագանին հուլիսի 16-ին չկարողացավ քաղաքապետ ընտրել, քվորում չկար, քանի որ ՀՀԿ-ն ու «Ելքը» թեկնածու չէին առաջադրել եւ բոյկոտել էին նիստը:

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 17-րդ հոդվածը սահմանում է, որ Կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե քաղաքապետի ընտրության օրակարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:

Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:

Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում:

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու համար արդեն հայտարարել են ԲՀԿ-ն, «Երկիր Ծիրանին», «Ելքը»: Թե ինչ ձեւաչափով է «Ելքը» մասնակցելու, դեռեւս պարզ չէ: Հանրապետականները չեն հստակեցնում՝ մասնակցելու են ընտրություններին, թե ոչ: