Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի, մեկ այլ դատավորի ու մյուսների կողմից խոշոր չափի կաշառք վերցնելու գործով դատաքննությունն օգոստոսի 7-ին կվերսկսվի:

NEWS.am-ին պաշտպաններից Ռուբեն Հակոբյանը հայտնեց, որ գործը մակագրվել է Աննա Դանիբեկյանին:

«Օգոստոսի 7-ին կայանալիք նիստում մենք միջնորդություններ ենք ներկայացնելու խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ»,- ասաց պաշտպանը:

Նշենք, որ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ նիստերն անցկացվում էին դռնփակ, քանի որ գործի նյութերում առկա են անձնական կյանքին առնչվող տեղեկություններ, մասնավորապես ինտիմ կյանքին վերաբերող:

«Կարծում եմ՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ նիստերը դռնբաց կանցկացվեն»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Վարդենիսում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության եւ դանակահարության փաստի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Գոռ Գալստյանի արարքը որպես ինքնապաշտպանություն որակելուն նպաստելու համար Գեղարքունիքի մարզի դատախազ Սեւակ Շհոյանը մեղադրյալի ծնողներ Կամո եւ Մելանյա Գալստյաններից 2015 թվականի հունիսին պահանջել ու ստացել է 4000 դոլար կաշառք: Սակայն գումարը ստանալուց հետո դատախազը խոստումը չի կատարել, եւ Գոռ Գալստյանը կալանավորվել է:

Բացի այդ, Կամո եւ Մելանյա Գալստյանները, իրենց որդուն ավելի մեղմ պատասխանատվության ենթարկելու եւ նույն գործով մեղադրյալ իրենց բարեկամին պատասխանատվությունից ազատելու համար Վարդենիսի բնակիչ Հայկ Կարապետյանի եւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կարեն Մարտիկյանի միջոցով գործով վարույթ իրականացնող` հիշյալ դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին տվել են 23 հազար դոլար կաշառք, որից հետո վերջինս կայացրել է նախապես պայմանավորված ապօրինի դատական ակտը:

Այս գործով ամբաստանյալներն են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Աղվան Պետրոսյանը, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը, դատախազ Սեւակ Շհոյանը, Աղվան Պետրոսյանի վարորդ Կարեն Մարտիկյանը եւ քաղաքացիներ Հայկ Կարապետյանը, Մելանյա Գալստյանը, Կամո Գալստյանը, Էդվարդ Չինարյանը, Ռոբերտ Գրիգորյանը, Խաչատուր Դադոյանը, Արմեն Բարսեղյանը, Վրույր Վարդանյանը, Լաուրա Մարտիրոսյանը:

Աղվան Պետրոսյանը, Կարեն Մարտիկյանը, Վանիկ Վարդանյանը, Սեւակ Շհոյանն ու Հայկ Կարապետյանը կալանավորված են, մյուսներն ազատության մեջ են: