Հուլիսի 21-ին Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի ղեկավարությամբ անցկացվել է ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ` նվիրված 2018 թվականի բանակային ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքների ամփոփմանը:

Արցախի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ոազմական խորհրդի նիստին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների եւ ծառայությունների պետերը, միավորումների, զորամասերի եւ առանձին ստորաբաժանումների հրամանատարները, զինկոմիսարիատների եւ ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներ, տարբեր ոլորտների պատասխանատու զինվորականներ:

Օրվա աշխատակարգը ներկայացնելուց հետո բանակի հրամանատարը հանդես է եկել հաշվետու ժամանակահատվածին վերաբերող համապարփակ ելույթով, ըստ առանձին ուղղությունների անդրադարձ կատարելով այն բոլոր դրական զարգացումների եւ անցանկալի երեւույթների վրա, որոնք տեղ են գտել բանակային ընթացիկ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի շրջանակներում:

Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է ԱՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը, անցած ուսումնական փուլի ընթացքում կյանքի են կոչվել այն բոլոր պլանային միջոցառումները, որոնք նախանշված են եղել պատրաստության պլանով եւ որակական աճ է արձանագրվել զորքերի կենսագործունեության գրեթե բոլոր ուղղություններով:

Մասնավորապես, շարունակվել են առաջնագծի ինժեներական լրակահավորմանն ու դիտարկման համակարգի կատարելագործմանն ուղղված գործընթացները, բարձրացել է անձնակազմի դաշտային վարժվածությունն ու մարտական պատրաստության մակարդակը, որակական նոր աստիճանի վրա են հասցվել ղեկավարման համակարգը, զորատեսակների եւ ստորաբաժանումների ներդաշնակման եւ փոխգործակցության մակարդակը, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի սպասարկման, շահագործման եւ արդիականացման համալիր գործընթացները:

Նշված ժամանակահատվածում դրական տեղաշարժեր են արձանագրվել նաեւ մարտական ու զորահավաքային պատրաստականության, կարգապահության եւ  բարոյահոգեբանական ապահովման, թիկունքի եւ առհասարակ այն բոլոր բնագավառներում, որոնք ձեւավորում են ՊԲ-ի կենսագործունեության առանցքն ու հնարավորություն ստեղծում ռազմապաշտպանական համալիր գործընթացները բնականոն հունով կազմակերպելու համար:

Հաշվետու ժամանակահատվածում տարբեր ուղղություններում տեղ են գտել նաեւ որոշ բացթողումներ, որոնք սակայն որակական ազդեցություն չունեն ՊԲ-ի մարտունակության վրա: Ընդհանուր առմամբ բանակային 2018 թվականի 1-ին ուսումնաշրջանը, բանակի հրամանատարը գնահատեց բավարար, մասնավորապես նշելով, որ, հաշվետու ժամանակահատվածում, չնայած տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական շարունակվող լարվածությանն ու հակառակորդի կողմից ձեռնարկվող` պարբերական բնույթ կրող սադրանքներին, ՊԲ-ը բարձր մակարդակով կատարել է առաջադրված մարտական եւ ուսումնական խնդիրները եւ պայմաններ ստեղծել Արցախի հանրապետության ժողովրդի խաղաղ կենսագործունեության ապահովման համար:

Ռազմական խորհրդի ավարտին, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը ներկաներին խնդիրներ է առաջադրել համաբանակային նշանակության առաջիկա անելիքների եւ ընթացիկ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի վերաբերյալ: