Արցախի Հանրապետության ԱԳՆ-ում կայացած խորհրդակցությունների շրջանակներում հուլիսի 21-ին, կենտրոնական ապարատի ղեկավար կազմը եւ արտերկրում Արցախի մշտական ներկայացուցիչները հանդիպել են Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի հետ։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Լեւոն Մնացականյանը շնորհավորել է ներկաներին ԱԳՆ հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ ու նոր ձեռքբերումներ դիվանագիտական ճակատում իրականացվող պատասխանատու առաքելության մեջ։

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է հակամարտության գոտում օպերատիվ-մարտավարական իրադրությունը, ինչպես նաեւ հանրապետության պաշտպանական համակարգի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Մտքեր են փոխանակվել միջգերատեսչական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ։ Երկուստեք ընդգծվել է համատեղ ջանքերի կարեւորությունը՝ հանրապետության անվտանգային խնդիրների լուծման եւ հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին միջազգային լսարանին եւ համապատասխան միջազգային կառույցներին ճշգրիտ տեղեկատվություն հասցնելու գործում։

Հանդիպման վերջում Լեւոն Մնացականյանը պատասխանել է պաշտպանության բնագավառին առնչվող ներկաների բազմաթիվ հարցերին։