Լոս Անջելեսում (Քալիֆորնիա նահանգ) Trader Joe's ցանցի պարենային խանութում գրեթե 3 ժամ տասնյակ մարդկանց պատանդ վերցրած երիտասարդ ամերիկացին գնդակահարել է մեկ մարդու եւ առանց դիմադրության հանձնվել ոստիկանությանը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել են Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին եւ քաղաքի ոստիկանապետ Մայքլ Մուրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Չարագործը ձախ ձեռքից վիրավորվել է: Մենք ցավով տեղեկացնում ենք խանութում մեկ մարդու զոհվելու մասին, հրշեջները շենքից դուրս են բերել վիրավոր կնոջ եւ հիվանդանոց տեղափոխել, որտեղ գրանցվել է նրա մասը»,- հստակեցրել է քաղաքապետը:

«Նախապես Trader Joe's-ում եղել է 40-ից մինչեւ 50 գնորդ եւ խանութի աշխատակիցները: Ոմանք կարողացել են թաքնվել՝ օգնության սպասելով, մյուսները խանութից դուրս են եկել ինքնուրույն կամ ոստիկանության օգնությամբ, ոմանց էլ կասկածյալն ինքն է ազատել»,- հայտնել է Գարսեթին: Նա նշել է իրավապահների գործողությունների ներդաշնակվածությունը եւ արագությունը, որոնց շնորհիվ հաջողվել է իրավիճակը կարգավորել: Քաղաքապետը հայտնել է, թե որտեղ կարող են ազգականները հանդիպել ազատված պատանդներին եւ նրանց տուն տանել:
Ոստիկանապետի խոսքով՝ չարագործը որոշել է կամավոր հանձնվել, բանակցողներից ձեռնաշղթաներ է խնդրել եւ ինքնուրույն հագցրել ձեռքերին: