Գեղարքունիքի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 22-ին ժամը 12։00-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհին 55 կմ հատվածում բախվել են 38-ամյա Անդրանիկ Ավակիմյանի վարած Mercedes մակնիշի 35 PV 641 համարանիշի եւ 26-ամյա Հայկ Գասպարյանի վարած Opel Astra մակնիշի 34 CD 160 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Վթարի հետեւանքով 8 հոգի, մեծ մասը՝ երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սեւանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, ինչպես նաեւ ԱԻՆ փրկարար ծառայության Սեւանի հրշեջ-փրկարարարկան ջոկատը, քաղաքացիները:

Դեպքի վայր ժամանած Սեւանի հիվանդանոցի բժիշկները վիրավորներին, մինչեւ հիվանդանոց տեղափոխելը, տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բախման հետեւանքով ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, հայտնվել ձորում, Mercedes-ը՝ մացառուտներում, Opel-ն էլ գլխիվայր շրջվել է։

Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։