Չի բացառվում Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ՀՀ տարածքում գտնվող ռուսական ռազմակայանի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը:  Այս մասին հայտնում է «Ցայգ» հեռուստաընկերությունը` մանրամասներ հայտնելով Փանիկում լրագրողների հետ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի զրույցից:

«Դրանք քարի վրա գրված փաստաթղթեր չեն, եւ ժամանակի ընթացքում առաջանում են բավական խնդիրներ, որոնք պահանջում են պայմանագրային իրավական փոփոխություններ: Իհարկե, դա արվելու է»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ օրերս Փանիկում տեղի ունեցած միջադեպը կարող է խթան հանդիսանալ որոշ փոփոխությունների կատարմանը:

Պաշտպանության նախարարն ասել է, որ հուլիսի 17-ին Փանիկում տեղի ունեցածում կար ե՛ւ ռուսական կողմի, ե՛ւ հայկական կողմի սխալը:

«Համակարգում ամենօրյա այնքան մեծ քանակությամբ միջոցառումներ են իրականացվում, որոնց վրա, որպես առօրյա աշխատանք, ուշադրություն չենք դարձնում: Բայց ես ձեզ պաշտոնապես հայտնում եմ, որ ռուսական կողմը 1 օր առաջ տեղեկացրել է շարասյունի տեղաշարժման վերաբերյալ եւ տեղեկացրել է, որ լինելու է մարզում, մարզման վայրը չի նշել: Իրավական տեսանկյունից պետք է համաձայնեցվեր, բայց իրենք իրենց սխալն ընդունել են, ներողությունը պաշտոնապես խնդրել են, մենք մեր հետեւություններն արել ենք: Ծառայողական քննություն է իրականացվում մեր գերատեսչությունում՝ պարզելու, բացահայտելու մեղավորներին: Ինչ վերաբերում է ռուսական կողմին, իհակե, իրենց մոտ լինելու է ծառայողական քննություն, որի արդյունքների վերաբերյալ չեմ կարծում, որ մենք կտեղեկացվենք, բայց պատժվելու են»,- ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Փանիկ գյուղի բնակիչները կրակոցների եւ պայթյունների ձայն էին լսել: Որոշ ժամանակ անց պարզվել էր, որ կրակոցների հեղինակները Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողներ են: 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատար, ռուս գնդապետ Վլադիմիր Էլկանովը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ներկայացրել է միջադեպի մանրամասները: Նրա խոսքով՝ հայկական կողմի հետ համաձայնեցված միջոցառումն ընդգրկվել էր 2018 թվականի բազայի ռազմական պատրաստվածության ծրագրում: Նշվել է նաեւ, որ հրամանատարությունը սահմանված կարգով տեղեկացրել է լիազորված մարմիններին: Սակայն, հաշվի առնելով, որ զորավարժությունների անցկացման վայրի ընտրության ժամանակ հաշվի չեն առնվել այն հանգամանքները, որոնք անհանգստություն են պատճառել տեղի բնակչությանը, ռուսական կողմը պաշտոնական ներողություն է հայտնել եւ հավաստիացրել է, որ այսուհետ ավելի հետեւողական կլինի բազայից դուրս անցկացվող միջոցառումների պլանավորման եւ իրազեկման հարցերում: