Հաշվի առնելով այն մեծ հետաքրքրությունը, որ դրսևորվել է մեր համաքաղաքացիների կողմից Հայ-չինական բարեկամության դպրոցի կապակցությամբ, պարզաբանեմ մի քանի հարցեր: Այս մասին Facebook-ում գրել է ՀՀ ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ Հայ-չինական բարեկամության դպրոցը ստեղծվել է նախկինում նույն տարածքում գործող 103 դպրոցի տարածքում և տվյալ դպրոցի աշակերտները պետք է տեղափոխվեն իրենց դպրոց:

«Դպրոցը կարող է տեղավորել 605-610 աշակերտի: Եթե այս թվից հանում ենք 103 դպրոցում արդեն առկա աշակերտներին, ապա խոսքը մոտ 400 նոր աշակերտ ընդունելու մասին է: Այն սովորական հանրակրթական դպրոց է՝ իր ծրագրերով, բացառությամբ միայն, որ դպրոցում լինելու է խորացված չինարեն լեզվի ուսուցում:  Դպրոցը չի տրամադրելու տրանսպորտ և սնունդ»,- գրել է Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ այս օրերին դպրոցի 5-9 դասարաններում սովորելու համար արդեն դիմել է շուրջ 700 աշակերտ: Նախարարությունը ծնողների հետ հանդիպում է կազմակերպել, որի ընթացքում վերջինները բարձրացրել են իրենց մտահոգող բոլոր հարցերն ու պարզաբանումներ ստացել: Հիմնական հարցը վերաբերել է ընդունելությանը, քանի որ դպրոցը չի կարող ընդունել բոլոր դիմորդներին:

«Քննարկվեցին հիմնական հետևյալ տարբերակները:

1. Ընդունելությունը կազմակերպել միջինացված գնահատականներով: Այս տարբերակը ընդունելի չէ, քանի որ հակասում է հանրակրթության մասին օրենքին ու խախտում է հավասարության սկզբունքը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարբեր դպրոցներում միևնույն գնահատականը աշակերտները ստանում են ոչ նույն սկզբունքներով:

2. Առավելություն տալ նրան, ովքեր առաջինն են դիմել: Այս մոտեցումը նորից անհավասար հնարավորություններ կստեղծեր այն ծնողների համար, ովքեր այս կամ այն պատճառով իրեն գործերը հանձնել են ավելի ուշ: Օրինակ բերվեց սահմանում զինծառայողի ընտանիքը, ով հասցրել էր միայն նախավերջին օրը դիմել դպրոցի համար:

3. Դպրոցը կազմակերպել երկհերթ տարբերակով: Այս տարբերակը գործնականում հնարավոր չէ իրագործել, քանի որ Հայ-չինական բարեկամության դպրոցում դասարանները նախատեսված են միայն 15 աշակերտի համար, որը հավելյալ ծանրաբեռնվածություն է պետբյուջեի համար, իսկ երկհերթ տարբերակը այդ ծանրաբեռնվածությունը ուղղակի կկրկնապատկի:

4. Առաջարկություն եղավ նաև առավելություն տալ արդեն չինարենի իմացությամբ աշակերտներին կամ անցկացնել հարցազրույց, ինչը մերժվեց այն պարզ պատճառով, որ դպրոցի նպատակը հենց չինարենի ուսուցումն է այդ լեզվին չտիրապետող աշակերտների համար, իսկ հարցազրույցը հիմք է տալու ծնողներին մեղադրելու ընդունող հանձնաժողովին սուբյեկտիվության մեջ:

5. Ընդունելությունը կազմակերպել վիճակահանությամբ, որը լիովին կապահովի հավասար մոտեցումը բոլոր դիմորդների համար: Վիճակահանությունը կանցկացվի ծնողների ներկայությամբ ու մասնակցությամբ: ԿԳՆ որդեգրած քաղաքականությունն է դպրոցների էլիտարացումը չխթանելը և հավասար հնարավորությունների ստեղծումը բոլոր ՀՀ քաղաքացիների համար, որը հնարավոր է կատարել միայն պատահական ընտրանքով՝ բացառելով բոլոր տեսակի շահարկումներն ու սուբյեկտիվ վերաբերմունքը»,- ներկայացված առաջարկների մասին գրել է փոխնախարարը: