Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 23-ին ընդունել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանին։

Ողջունելով հյուրին` պետնախարարը կարեւորել է Արցախում եւ Հայաստանում տնտեսական զարգացման ծրագրերի եւ իրականացվող բարեփոխումների ներդաշնակեցումը։

Արծվիկ Մինասյանը, ներկայացնելով իր գլխավորած պատվիրակության արցախյան այցելության առաջնահերթությունները, տեղեկացրել է, որ դրանք ներառում են արցախյան արտադրանքի միջազգային արտահանումը, որակի ենթակառուցվածքների (սերտիֆիկացում, հավատարմագրում) զարգացման հարցում փորձի փոխանակում եւ արցախյան զբոսաշրջային բարիքների պատշաճ իրացում։

Դրական գնահատելով նման ձեռնարկումները՝ Գրիգորի Մարտիրոսյանը հատկապես կարեւորել է փոքր եւ միջին ձեռնարկատիրության խթանման եւ զարգացման պետական ծրագրերի երկուստեք կատարելագործումը։ Որպես այս հարցում կիրառական լուծման օրինակ՝ կողմերը քննարկել են արցախյան սերտիֆիկացման ծառայությունների ինտեգրումը ՀՀ համապատասխան դաշտի հետ։

Հանդիպման ավարտին զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ արցախյան որոշ զբոսաշրջային ուղղությունների զարգացման մասին: