Ռուսաստանը կորցրել է իր դիրքերը հետխորհրդային տարածքում եւ մասնավորապես՝ Հայաստանում: Այս մասին հուլիսի 24-ին Երեւանում կայացած լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռուսաստանցի արեւելագետ, քաղաքագետ Կարինե Գեւորգյանը:

Նա, մասնավորապես, քննադատեց Կրեմլի քաղաքականությունը հետխորհրդային տարածքում: «Ընդհանրապես չկա ոչ մի լուրջ ռուսական մեդիառեսուրս, որը կաշխատեր Հայաստանում, հասարակության հետ, եւ Ռուսաստանն այս աշխատանքով չի զբաղվում»,- արձանագրեց փորձագետը:

Քաղաքագետը նշեց, որ ժամանակին իր ռուս գործընկերներին եւ պետական մարմինների ներկայացուցիչներին զգուշացրել է, որ Հայաստանում սոցիալական բունտ է հասունանում, որը կբերի լուրջ բողոքների: Ըստ որում՝ Գեւորգյանը շեշտեց, որ մշտապես խուսափել է այնպիսի տերմինի օգտագործումից, ինչպիսին «գունավոր հեղափոխությունն» է, եւ ջանացել է մյուս փորձագետներին էլ հետ պահել այդ բնորոշումից, քանի որ Հայաստանում հեղափոխությունը միանգամայն այլ իրավիճակ էր նշանակում եւ ոչ մի ընդհանուր բան չուներ Ուկրաինայի կամ Վրաստանի գունավոր հեղափոխությունների հետ:

«Որքան Հայաստանի սուբյեկտայնության մակարդակն ավելի բարձր լինի, այնքան ավելի լուրջ եւ խորը կկառուցվեն բոլոր հարաբերությունները՝ ինչպես հայ-ռուսական, այնպես էլ հայ-ամերիկյան կամ Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները»,- հավելեց արեւելագետը: Կարինե Գեւորգյանը նշեց, որ Հայաստանի նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին արտասահմանյան այցը եղել է հենց Մոսկվա, եւ սա պատահական չէր, քանի որ նա հրաշալի հասկանում է ստեղծված իրավիճակը եւ ցանկանում է հայ-ռուսական հարաբերությունները զարգացնել: Սակայն քաղաքագետը չբացառեց, որ կողմերի միջեւ կարող են լինել որոշակի տարաձայնություններ, քանի որ միջպետական հարաբերությունների շրջանակում սա բնական երեւույթ է: