Չեմ կարծում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գոհ էր Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությամբ: Այս մասին հուլիսի 24-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արեւելագետ, ռուսաստանցի քաղաքագետ Կարինե Գեւորգյանը:

Ըստ որում՝ նա նշեց, որ երկու առաջնորդների միջեւ փոխադարձ համակրանք էլ չկար, քանի որ Սարգսյանը, ինչպես շատերն էին կարծում,  իրականում ոչ մի ռուսամետ քաղաքականություն էլ չէր վարում: «Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի  հայտարարությունն անկեղծ էր, քանի որ նա ասաց, որ աջակցում են Հայաստանի ժողովրդի կամքին ու ընտրությանը»,- հավելեց ռուսաստանցի քաղաքագետը:

Նա հիշեցրեց, որ Մինսկ կատարած իր այցերից մեկի ժամանակ, ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պետք է ելույթ ունենար, սակայն ննջել էր, ինչը հարուցել էր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի ակնհայտ դժգոհությունը: Նա անգամ իրեն թույլ տվեց Սարգսյանին ուղղված խիստ հայտարարություն անել, եւ ռուսական կողմը չփորձեց նրան կանգնեցնել: Կարինե Գեւորգյանի կարծիքով՝ այս ամենը վկայում է այդ ժամանակ Հայաստանի նախագահի հանդեպ Ռուսաստանի եւ ԵՏՄ անդամ երկրների ղեկավարության վերաբերմունքի մասին: