«Զինված խմբի» գործով անցնողները քաղաքական կալանավորներ են եւ իշխանափոխությունից հետո նրանց խափանման միջոցը  չփոխելը հետագա խնդիրներ կառաջացնի իշխանությունների համար։Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, լրագրողներին ասաց փաստաբան,  «Զինված խմբի» գործով Արթուր Վարդանյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը։

«Զինված խմբի գործով  կանխակալ վերաբերմունք է դրսեւորել, մոտ 3 տարի առաջ նախկին ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը պաշտոնապես հայտարարաել էր, որ բացահայտել, ձերբակալել եւ կալանավորել են տեռորիստական խմբի, որի պարագլուխն է Արթուր Վարդանյանը, որը պատրաստվում էր տեռորիսստական ակտեր իրականացնել ինչպես ՀՀ քաղաքացիների, այնպես էլ պետական նշանակության օբյեկտների նկատմամբ։ Պարզ է, թե դրանից հետո պաշտպանական առումով ինչ դժվարություններ առաջացան, ինձ մեղադրում էին տեռորիստի պաշտպանելու մեջ, եւ փոխանակ իմ պաշտպանյալին պաշտպանեի, ես ինքս էի պաշտպանվում։Իմ պաշտպանյալը ցանկացել է երկրում տիրող անարդարությունների դեմ պայքարել, որի արդյունքում հայտնվել է ճաղերի հետեւում։ Իրավիճակը փոխվելուց հետո գոնե իրավաչափ է այս գործով անցնող բոլոր անձանց խափանման միջոցը փոխել, սակայն 3 ամիս անց ընդամենը 3 հոգու խափանման միջոց է փոխվել, այն էլ պատգամավորների երաշխավորությամբ եւ սրանով հարցը համարել են փակված։ Այժմ իշխանափոխությունից հետո անհաասկանալի է դատարանի նման դիրքորոշումը, երբ այս անձինք ցանկության դեպքում էլ չեն կարող խոչընդոտել, թաքնվել, որովհետեւ ինչում, որ մեղադրվում են՝ արդեն տեղի է ունեցել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում՝ «Մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք, այդ թվում՝ զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել: Ավելի ուշ մեղադրանքներ առաջադրվեցին երկու տասնյակ անձանց: