Հայաստանի 500 աշակերտներ հնարավորություն կստանան երկու տարի մասնակցելու անգլերենի արտադպրոցական դասերի: Հուլիսի 25-ին Երեւանում համապատասխան համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը եւ  «Հայաստանի երեխաները» (COAF) հիմնադրամի փոխտնօրեն Ինեսա Գրիգորյանը:

Մինչեւ 2021 թվականը ծրագրի իրականացման արժեքը կազմում է 411 հազար դոլար, որից 300 հազար դոլարը կհատկացնի ԱՄՆ դեսպանատունը, իսկ 111 հազար դոլարը՝ COAF-ը: Ինչպես նշեց ԱՄՆ դեսպանը, այս ծրագիրը դեսպանատան Acсess միկրոկրթաթոշակների ծրագրի նոր փուլն է, որն իրականացվում է 2011 թվականից եւ ուղղված է անգլերենի ուսումնասիրմանը: Այսօրվա դրությամբ՝ դրան մասնակցել են 580 հայ աշակերտներ: 

«Նոր ծրագրով նախատեսված է երկամյա արտադպրոցական դասերի անցկացում: Դրա շնորհիվ երկրի 15 մարզերի 13-18 տարեկան աշակերտները կկարողանան բարելավել անգլերենի իրենց գիտելիքները»,- տեղեկացրեց դեսպանը:

Դասերը կանցկացվեն դպրոցների եւ մարզպետարանների շենքերում, այդ թվում Լոռիի մարզի «SMART» կրթական կենտրոնում: