Մենք հիմա ՀԱՊԿ անդամ ենք եւ այժմ ասում ենք, որ մեր նպատակն է այս կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունն ավելի ու ավելի արդյունավետ դարձնել: Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր, վարող Ալեքսեյ Վենեդիկտովին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք էլ որոշ հարցեր ունենք ՀԱՊԿ մեր գործընկերներին, եւ այժմ մեր նպատակն է այս կազմակերպությունն ավելի արդյունավետ դարձնել: Դե, գիտեք, ես գնացի ՆԱՏՕ, եւ մենք, Հայաստանը այդ ծրագրին արդեն վաղուց ենք մասնակցում: Այդ ինչի՞ մասին ենք այնտեղ խոսել: Ես ինչի՞ն եմ մասնակցել: Ես մասնակցել եմ ժողովի, գագաթնաժողովի… Ոչ թե ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, այլ երկրների գագաթնաժողովին, որոնք ՆԱՏՕ-ի շրջանակում Աֆղանստանում մասնակցում են խաղաղապահ առաքելությանը»,- նշել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի շրջանակում Հայաստանը որոշ ծրագրեր ունի. «Մենք մասնակցում ենք նաեւ Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը, եւ ունենք ընդհանուր ծրագրեր, մենք ՆԱՏՕ-ի հետ առաջին տարին չէ, որ համագործակցում ենք, սա բավականին երկար տեւողություն ունի, շատ երկար: Եվ սա կշարունակվի: Եվ այս համագործակցությունն ամենեւին որեւէ մեկի դեմ ուղղված համագործակցություն չէ: Այս համագործակցությունը նաեւ տարածաշրջանային համագործակցության մեթոդ է. մենք այդ շրջանակում համագործակցում ենք նաեւ Վրաստանի հետ, որովհետեւ, ցավոք, մենք եւ Վրաստանն այս իմաստով տարբեր արտաքին քաղաքականություն ունենք, եւ մենք պետք է այդ իրավիճակն ինչ-որ կերպ հավասարակշռենք: Եվ մեզ համար ՆԱՏՕ-ի շրջանակում նաեւ շատ կարեւոր են Վրաստանի հետ մեր հարաբերությունները»: