«Սեւան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլոյանն այսօր՝ հուլիսի 26-ին Սեւանա լճում փորձարկում է արել եւ հայտարարել, որ ջուրն ամենեւին էլ վտանգավոր չէ, ինչպես բնապահպաններն են ահազանգում:

Վահե Գուլոյանը անձամբ է լճից բաժակով ջուր վերցրել լճից ու հենց նույն պահին խմել:

«Որեւիցե վտանգավոր բան չկա, ժողովուրդ ջան, հիմա այս ամբողջը խմելու եմ, եւ առաջիկայում հրապարակում կլինի, որ դրանից ինձ ոչինչ չի եղել»,- ասել է նա տեսաուղերձում:

Նա նշել է, որ համացանցում ապատեղեկատվություն է տարածվել ջրի վտանգավոր լինելու հետ կապված:

Նշենք, որ կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարել էր, որ Սեւանա լճում ազոտի ու ֆոսֆորի հետ կապված ուսումնասիրություն է իրականացվել, ցուցանիշները նորմայի մեջ են, բայց մի քանի գործոններ կան այս պահին, որ գումարվել են իրար: Նաեւ հավելել է, որ սա միայն Սեւանա լճին չի վերաբերվում, ջրիմուռների աճը ոչ միայն Սեւանում է, այլեւ այլ ջրավազաններում, որի համար մի քանի պատճառ կա՝ նվազ տեղումներ, բարձր ջերմաստիճան, կեղտաջրերի մեծ ծավալներ: