Հիմա ուզում են մտնել դատարան եւ ինձ կալանքի տակ վերցնել. Այսինքն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահը, ՀՀ երկրորդ նախագահը, Ղարաբաղի այն նախագահը, որի ժամանակ Ղարաբաղը փառավոր հաղթանակներ է կրել եւ այսօր անվտանգության գոտի է ձեւավորել, ՀՀ այն նախագահը, որի ժամանակ ՀՀ տնտեսությունն աճել է 5 անգամ, վաղը, մյուս օրը կարող է հայտնվել բանտում։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով իրեն մեղադրանք առաջադրելու փաստին։

«Բացարձակ շինծու մեղադրանքով։ Ես պատկերացնում եմ այն հրճվանքը, որ Ադրբեջանում պետք է ապրեն։ Տվեք այդ նվերը»,-հայտարարեց Քոչարյանը։

Նա նշեց, որ հատուկ արտերկրից եկել է ցուցմունք տալու համար. «Հենց իմ կարգավիճակը փոխեցին, որոշեցի ցուցմունք չտալ։ Երբ կարդացի մեղադրանքը, ապշել եմ դրա իրավական տեսանկյունից զրոյական մակարդակից։ Պետք էլ չի իրավաբան լինել։ Ես այդ իրադարձությունների մասնակից եմ եղել եւ գիտեմ, որ ամբողջը թելադրված է»,-հայտարարեց Քոչարյանը։

Նա նշեց, որ նոր մշակույթ է ձեւավորվում. «37 թիվն է դառնում։ Այս մեղադրանքն առաջին ազդանշանն է, որ մենք այդ ուղղությամբ ենք գնում։ Դուք էլ զարմացաք, այո, վաղը չէ մյուս օրը ես կարող եմ հայտնվել բանտում։ Կգնամ, կնստեմ, կպայքարեմ մինչեւ վերջ։ Եթե մտածում են, թե փախնելու եմ, ո՞ւր պետք է փախնեմ։ Իմ կենսագրություն ամբողջությամբ էս երկրի հետ է»։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանին այսօր «Մարտի 1»-ի գործով մեղադրանք են առաջադրել եւ միջնորդություն ներկայացրել նրան կալանավորելու համար։