Հայաստանում առկա ներկայիս իրավիճակի եւ ընդհանրապես մեր հարաբերությունների յուրահատկությունների համատեքստում շատ լավ եւ օգտակար են մեր հաճախակի հանդիպումները: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում այսօր՝ հուլիսի 27-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարծում եմ՝ Հայաստանում առկա ներկայիս իրավիճակի եւ ընդհանրապես մեր հարաբերությունների յուրահատկությունների համատեքստում շատ լավ եւ օգտակար են մեր հաճախակի հանդիպումները, որպեսզի ունենանք հնարավորություն քննարկելու մեր հարաբերությունների բոլոր նյուանսները եւ այն հարցերը, որոնք գոյություն ունեն, այն հարցերը, որոնք կարող են գոյություն ունենալ, անգամ այն հարցերը, որոնք գոյություն չունեն, բայց դրանց մասին շատ են խոսում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ բազմիցս է ասել՝ երկու երկրների հարաբերությունների ռազմավարությունն ու ընդհանուր գաղափարը հասկանալի են. «Այստեղ քննարկելու շատ բաներ չկան, բայց կարծում եմ, որ մեր այս հանդիպումները շատ օգտակար են, որպեսզի քննարկենք, թե ինչպես մեր հարաբերությունները բարձրացնենք նոր մակարդակի: Կարծում եմ՝ ե՛ւ Մոսկվան, ե՛ւ Երեւանը դրանում անկեղծորեն շահագրգռված են: Ուրախ եմ, որ վերջին 2.5 ամիսների ընթացքում ունեցել ենք տարբեր հնարավորություններ՝ քննարկելու բոլոր հարցերը: Ինձ համար ակնհայտ է, որ մեր հարաբերությունները զարգանում են շատ արդյունավետ, եւ ես գործնականում չունեմ կասկածներ, որ այս բնույթը ոչ միայն կշարունակվի, այլ նաեւ կլինի առավել արդյունավետ»:   

Ռուսաստանի վարչապետը նույնպես գոհունակություն է հայտնել հաճախակի հադիպումների առիթով՝ նշելով, որ մշտապես քննարկելու բան կա: «Ուրախ եմ շարունակել հանդիպումը ձեզ հետ, մենք վերջերս հանդիպել ենք ֆուտբոլի ընթացքում: Այսօր նաեւ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում ավելի քան հինգ ժամ տեւած քննարկումների ընթացքում կարողացանք հաջողությամբ քննարկել ոչ միայն մեր միության խնդիրները, այլ նաեւ երկկողմ օրակարգին վերաբերող հարցերը, քանի որ մշտապես կան քննարկելու բաներ»,- ասել է Դմիտրի Մեդվեդեւը:

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին, այդ թվում՝ տնտեսական փոխգործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, անդրադարձել տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին ու առաջիկա անելիքներին:

Նիկոլ Փաշինյանն ու Դմիտրի Մեդվեդեւը կարեւորել են երկկողմ առեւտրաշրջանառության ծավալների ավելացումը եւ անդրադարձել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող թեմաների: Զրուցակիցները, մասնավորապես, կարեւորել են ԵՏՄ-ի շրջանակում փոխգործակցության արդյունավետության բարձրացումը: