Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ 2 ամիս ժամկետով կալանավորեց «Մարտի 1»-ի գործով մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին դատարանի Շենգավիթի նստավայրից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Փաստաբան Արամ Օրբելյանը հրաժարվեց որեւէ մանրամասն ներկայացնել կալանավորման որոշումից՝ պատճառաբանելով նախաքննության գաղտնիությամբ: Ամեն դեպքում, Ռոբերտ Քոչարյանի շահերը ներկայացնող փաստաբանները պատրաստվում են հուլիսի 28-ին մամուլի ասուլիս հրավիրել եւ որոշ մանրամասներ հրապարակել:

Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին ՀՔԾ էր ներկայացել Մարտի 1-ի գործով հարցաքննության: Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվեց:

ՀՀ երկրորդ նախագահը հուլիսի 26-ին հանդես էր եկել ծավալուն հարցազրույցով, որտեղ իր նկատմամբ քրեական գործը համարել է շինծու եւ քաղաքական պատվերի շրջանակում: