ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերը ներկայացնող փաստաբանները պատրաստվում են բողոքարկել կալանավորման որոշումը: Այս մասին որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Ռուբեն Սահակյանը:

Նա նաեւ հավելեց, որ իր պաշտպանյալը հանգիստ է արձագանքել կալանավորման որոշմանը. «Ռոբերտ Քոչարյանը շատ հանգիստ արձագանքեց կալանավորման որոշմանը: Որեւէ հայտարարություն չի արել»:

Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ 2 ամիս ժամկետով կալանավորեց Մարտի 1-ի գործով մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվեց:

ՀՀ երկրորդ նախագահը հուլիսի 26-ին հանդես էր եկել ծավալուն հարցազրույցով, որտեղ իր նկատմամբ քրեական գործը համարել է շինծու եւ քաղաքական պատվերի շրջանակում: