Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Բալայանը հրապարակել է «Մարտի 1»-ի գործով մեղադրվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու միջնորդության հարցով որոշումը: Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի խոսքով՝ դատարանն իր պաշտպանյալի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց թույլատրելի է համարել գրավը:

Փաստաբանը չցանկացավ նշել գրավի գումարի չափը, սակայն ասաց, որ ահռելի գումար չէ. «Այլընտրանքային խափանման միջոց է: Ահռելի գումար չի, ինչը հասարակության մեջ հայտնի էր վերջին իրադարձությունների հետ կապված, որ կիրառվեց: Ընդունելի, սովորական, մյուս գործերով ընդունելի գումար է»:

Լրագրողի ճշտող հարցին, այսինքն՝ 5 մլն դրա՞մ, փաստաբանը պատասխանեց. «Մոտավորապես»:

Միհրան Պողոսյանը նաեւ ասաց, որ որոշումը դեռեւս ամբողջությամբ չի որոշել, այդ պատճառով չի կարող հստակ խոսել անձեռնմխելիության մասին: «Սակայն եթե կայացվել է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու որոշում, ապա միանշանակ անձեռնմխելիության հարցի պատնեշն անցել է դատարանը»:

Յուրի Խաչատուրովն ազատ կարձակվի գրավի գումարը վճարելուց եւ անդորրագիրը վարույթ իրականացնող մարմնին փոխանցելուց հետո:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվեց:

ՀՀ երկրորդ նախագահը հուլիսի 26-ին հանդես էր եկել ծավալուն հարցազրույցով, որտեղ իր նկատմամբ քրեական գործը համարել է շինծու եւ քաղաքական պատվերի շրջանակում: