Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի համար 5 մլն դրամ գրավը կեսգիշերից հետո մուծվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց նրա փաստաբար Միհրան Պողոսյանը:

Պաշտպանի խոսքով, Յուրի Խաչատուրովն ազատ է արձակվել գիշերը ժամը 2.00-ից հետո:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Յուրի խաչատուրովի համար որպես այլընտրանքային խափանման միջոց թույլատրելի էր համարել գրավը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվեց:

ՀՀ երկրորդ նախագահը հուլիսի 26-ին հանդես էր եկել ծավալուն հարցազրույցով, որտեղ իր նկատմամբ քրեական գործը համարել է շինծու եւ քաղաքական պատվերի շրջանակում: