Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Բացի այդ, Տիգրան Բալայանը Tert.am-ի հարցին, թե ընդհանրապես ի՞նչ է լինելու ՀԱՊԿ-ի քարտուղարության հետ, այլ երկրի՞ց պետք է առաջադրվի, թե՞ մեր երկրից ինչ-որ մեկին պետք է առաջադրենք, պատասխանել է. «Սա խիստ ներքին իրավական գործընթաց է, եւ Հայաստանում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է ՀՀ քաղաքացի։ Միաժամանակ հաշվի առնելով, որ խոսքը ներկայումս ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար պաշտոնը զբաղեցնող անձին առնչվող գործի մասին է եւ մեծ կարեւորություն տալով կազմակերպության հեղինակության եւ անխափան բնականոն աշխատանքի ապահովմանը, Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց։ Հայաստանը խիստ հավատարիմ է ՀԱՊԿ ամրապնդման եւ հզորացման հանձնառությանը ու շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել այդ ուղղությամբ համատեղ աշխատանքներին»:

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2008 թվականի մարտի 1-ին տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Նրա նկատմամբ կիրառվել է գրավ եւ նա այս գիշեր ազատ է արձակվել:

Յուրի Խաչատուրովի համար գրավը վճարվել է. նա ազատ է արձակվել գիշերը ժամը 2-ից հետո. պաշտպան