Մայոր Հայկ Թորոյանն ու Վանո Խաչատրյանը 2016թ.-ի ապրիլի 2-ին միասին են դուրս եկել Մատաղիսի զորամասից: Միմյանց հրաժեշտ են տվել բակում ու գնացել հակառակ ուղղություններով՝ դիրքերում ծառայողներին զենք հասցնելու:

«Ես վերադարձա, Հայկը՝ չէ...»,- հուզմունքը մի կերպ զսպելով ասում է Վանոն:

Հայկ Թորոյանը 5 տարի Մատաղիսի զորամասում էր ծառայում, 31 տարեկանում արդեն մայորի կոչում էր ստացել, զորամասի լավագույն սպաներից էր: Շուտով պետք է Երեւան տեղափոխվեր. հրամանը ստորագրվել էր՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունում էր ծառայությունը շարունակելու: Սպան որոշել էր Երեւան տեղափոխվելուց հետո նաեւ ընտանիք կազմել: Քառօրյա պատերազմը, սակայն, անավարտ թողեց մայորի երազանքները: 2016թ.-ի ապրիլի 2-ի վաղ առավոտյան, լսելով շփման գծում լարված իրավիճակի մասին, միանգամից դիրքեր էր բարձրացել՝ զինվորներին օգնելու:

«Հայկին վերջին անգամ տեսել եմ մարտական դիրքեր բարձրանալուց 5 րոպե առաջ: Միասին ենք զինամթերքը բարձել մեքենան, հակ-ի մոտ հաջող ենք արել, ասել՝ մինչ հանդիպում ու... դրանից հետո մեկ էլ զոհվելուց հետո եմ տեսել... Հայկը վստահ էր, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է լինելու, չէր վախենում: Նույնիսկ առավոտյան դիրքեր մեկնելուց առաջ սափրվեց, օծանելիքը ցանեց, կատակելով ասաց, թե հանկարծ գերի ընկնեմ, չասեմ՝ ինչ անկոկիկ սպա է, բոլորս ծիծաղեցինք... Էդ դժվար պահին էլ հումորն էլ չէր պակասում Հայկից»,- հիշում է Վանոն:

Հայկ Թորոյանին ադրբեջանցիները գլխատել են կենդանության օրոք: Ծառայակից ընկերները նրա մարմինը հայտնաբերել են ապրիլի 3-ին: Վանոն ընկերոջ դաժան սպանության մասին չի ուզում խոսել: Ասում է՝ ծանր է իր համար այդ մասին հիշելը: Դրա փոխարեն Վանոն պատմում է, որ Հայկը մինչեւ վերջ պայքարել է. «Մարտական դիրքեր տանող ճանապարհին Հայկը հանդիպել է հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբին, մարտ է վարել... ուժերն անհավասար են եղել, Հայկը երկու տասնյակ ադրբեջանցիների դեմ կռիվ է տվել: Մինչեւ վերջին փամփուշտը Հայկը պայքարել է ու այդ ժամանակ էլ զոհվել է»:

Այնտեղ, որտեղ զոհվել է Հայկը, հուշաքար է տեղադրվել: Մի հուշարձան էլ շուրջ 2 ամիս առաջ Պենզայի հրետանային ինստիտուտի սպաներն են տեղադրել Մատաղիսի զորամասի դիմաց՝ բլրին:

«Արձանը խորհրդանշում է Հայկի՝ ապրիլի 2-ին կատարած գործողությունը: Նա զենք-զինամթերք էր մատակարարում մարտական դիրքեր, գլխարկն էլ հայտնաբերել ենք նրա մահվանից հետո՝ մեքենայի մեջ»,- ներկայացնում է Վանոն:

Հայկի հարազատներն արձանը դեռ չեն տեսել: Վանոն ասում է՝ տարածքը բարեկարգելուց հետո կլինի բացման արարողությունը, որին նաեւ Թորոյանները կմասնակցեն:

«Այսպես Հայկը միշտ մեզ հետ է, գալիս ենք, զրուցում, նորից վերադառնում ծառայության»,- խոսքն ավարտում է սպան: