Գերմանիայի Բրաունշվեյգ քաղաքի դատախազությունը հարկային հանցագործությունների կասկածանքով քննություն է սկսել գերմանական Volkswagen ավտոկոնցեռնի նախկին ղեկավար Մարտին Վինտերկորնի դեմ: Այս մասին հայտնում է Bild am Sonntag պարբերականը՝ վկայակոչելով քննության աղբյուրներին:

Պարբերականի տեղեկություններով՝ իրավապահների կասկածներն են հարուցել 2016 եւ 2017 թվականներին Գերմանիայից շվեյցարական բանկեր իրականացված խոշոր գումարների փոխանցումները: Խոսքը գրեթե 10 մլն եվրոյի մասին է, որոնցից, հնարավոր է, հարկեր չեն վճարվել:

Վինտերկորնը Sparda Bank-ում բացված իր հաշիվներից դրամական միջոցները փոխանցել է հարկային հարցերով իր խորհրդականի տրաստային հաշվին, որտեղից էլ հետագայում փողն ուղղվել է Ցյուրիխ՝ Vontobel ֆինինստիտուտ, այդ թվում՝ Volkswagen-ի նախկին ղեկավարի կնոջը պատկանող հաշվին: Քննիչները ելնում են այն հանգամանքից, որ այս գումարից պետք է վճարվեր ավելի քան 500 հազար եվրո հարկ: