«Նաիրիտի» անվտանգությունն ապահովող աշխատակիցները ստացել են 3 ամսվա աշխատավարձերը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց «Նաիրիտի» արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը:

«Անցած շաբաթ կառավարության դիմաց բողոքի ակցիա անցկացնելուց հետո աշխատակիցներին 3 ամսվա աշխատավարձերը վճարեցին, 3 ամսվա էլ խոստացել են այս շաբաթ վճարել: Եթե չվճարեն, ապա նորից կառավարության մոտ բողոքի ակցիա կանցկացնենք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին կառավարության դիմաց բողոքի ցույց իրականացնող նաիրիտցիների հետ զրույցում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ նաիրիտցիներն առավելագույնը մինչեւ հաջորդ շաբաթվա սկիզբը աշխատավարձերը կստանան։

«Վարչապետի հանձնարարականը եղել է, տեխնիկական պատճառով չի կատարվել։ Եթե այս շաբաթ չլինի, մյուս շաբաթվա սկզբներին կլինի»,- ասել էր Միրզոյանը։

Սակայն դրանից հետո աշխատավարձերը չէին վճարել, ինչի պատճառով աշխատակիցները կրկին բողոքի ակցիա անցկացրեցին կառավարության մոտ: