Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը մեկնաբանել է տեղեկությունը, ըստ որի Սերժ Սարգսյանը մտադիր է Սահմանադրության փոփոխությամբ, Հայաստանում ձեւավորել երկպալատանի խորհրդարան, որի վերին պալատում կլինեն նաեւ սփյուռքի ներկայացուցիչներ:

«Դեռ 2010թ մայիսին  «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկում էր տեղի ունեցել Հայաստան-Սփյուռք  կապերի ընդլայնման ուղիների մասին եւ առաջարկվել էր խորհրդի անդամներին մեկ տարի անց գաղափարներ ներկայացնել այդ առնչությամբ:

Սա հնարավոր առաջարկներից մեկն է, որ բազմաթիվ ուրիշների շարքում արժանի է քննարկման:

Միեւնույն ժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ Սահմանադրության փոփոխությունը պատասխանատու քայլ է ու նախատեսում է բարդ եւ երկարատեւ ընթացակարգ:  Նման որոշում կայացնելու համար բնականաբար պետք է տեղի ունենան հանրային քննարկումներ եւ մասնագիտական մանրակրկիտ ուսումնասիրություններ»,- նշել է Ա. Արզումանյանը: