Շիրակի մարզում, հուլիսի 30-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. ժամը 00։50-ի սահմաններում Գյումրու բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային փակ վնասվածք՝ հարցականով, ուղեղի ցնցում՝ հարցականով, աջ ակնակապիճի հեմատոմա, ձախ արմնկային շրջանի քերծված վերք, ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ Գյումրի քաղաքի Սեւերսկի թաղամասի 3/2 հանրակացարանից իրենց մոտ են տեղափոխել մի քաղաքացու։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, մինչ ոստիկանները կհասնեին հիվանդանոց, հերթական ահազանգն է ստացվել հիվանդանոցից, որ «մարմնի տարբեր մասերի քերծվածքներ, ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել եւս մեկ քաղաքացի, այս անգամ Սեւերսկի թաղամասի 3/1 հանրակացարանից։

Ոստիկանները պարզել են՝ վիրավորներն են ՌԴ քաղաքացիներ, 34-ամյա Դենիս Մակիեւը, 36-ամյա Պավել Ռոմանովը։ Պարզվել է, որ նշված անձինք հանրակացարանի բակում վիճաբանել են միմյանց հետ, այնուհետեւ հարվածներ հասցրել միմյանց, որից հետո Դ. Մակիեւը մի քանի անգամ հարվածել է Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի 8-րդ զինվորական թաղամասում բնակվող՝ 35-ամյա Եգոր Կիբալչիչին պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենայի առջեւի եւ հետեւի դռներին։

Աղբյուրի տեղեկություններով՝ Դ. Մակիեւը ծառայում է ՌԴ ՊՆ պաշտպանության նախարարության թիվ N զորամասում՝ որպես մարտկոցի տեխնիկ, կոչումով ավագ ենթասպա է, Պ. Ռոմանովը՝ նույն զորամասում՝ որպես դասակի հրամանատար, կոչումով լեյտենանտ է, Ե. Կիբաչիչինը ծառայում է Հայաստանում տեղակայված Գյումրու թիվ 102 ռազմաբազայում՝ որպես դասակի հրամանատար։