ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը պատգամավորի մանդատից հրաժարվելու պատճառը առողջական խնդիրներն են: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար վահե Էնֆիաջյանը:

 Նա, մասնավորապես, նշել է հետեւյալը.

«ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: Հաշվի առնելով մամուլում շրջանառվող տարբեր ասեկոսեներն ու հրաժարականի անիրական դրդապատճառները՝ տեղեկացնում եմ, որ մեր գործընկերոջ այս քայլն ունի բացառապես անձնական պատճառ:

Առողջական խնդիրների պատճառով պարոն Բոստանջյանը պատգամավորական մանդատը վայր դնելու որոշում է կայացրել: Այդ մասին կարող եք տեղեկանալ անձամբ իրենից: Պարոն Բոստանջյանն արդեն իսկ հանդիպման ընթացքում այդ մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին:

Երկարատեւ բուժման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ պարոն Բոստանջյանն այս փուլում առավելապես սեփական առողջության վերականգնման նպատակով նման որոշում է կայացրել:

Մեզ համար նա շարունակում է մնալ մեր լավագույն գործընկերներից մեկը, եւ «Ծառուկյան» խմբակցությունը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շուտափույթ ապաքինում են մաղթում Վարդան Բոստանջյանին:

Հորդորում եմ լրատվամիջոցների իմ հարգելի գործընկերներին այլ ենթատեքստեր չփնտրել»:

Հիշեցնենք, որ նախօրեին Վարդան Բոստանջյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ  Քոչարյանին կալանավորելու հարցում քաղաքական հետապնդման տարրեր տեսնում է, թեեւ «Ծառուկյան» խմբակցությունը դեռեւս հայտարարությամբ հանդես չի եկել:

«Երեւի քաղաքական հալածանքն ու հետապնդումը հոմանիշ չեն, բայց բոլոր պարագաներում կարելի է որակել որպես այդպիսին՝ հետապնդում»,- ասել էր նա: Հարցին՝ ինչի՞ հիման վրա է այն քաղաքական հետապնդում համարում, Բոստանջւյանը պատասխանել էր. «Կարելի էր ամբողջ պրոցեսը գնահատել ու դրա վերաբերյալ սպառիչ տեղեկատվություն հավաքել, գնահատականներ ձեւավորել առանց կալանավորելու։ Եթե կալանավարումը պարտադիր ինստիտուտ է ներկայանում այստեղ, այն էլ՝ ՀՀ նախագահի մակարդակով, կարող ես մտածել, սա հետապնդում չի՞։  Պարտադիր չի, որ խափանման միջոցն անպայման լինի կալանավորումը»։