Հայաստանում իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության՝ իրենց քաղաքական նախորդներին հետապնդելուց հրաժարվելու մասին հայտարարություններին: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է« ՌԻԱ Նովոստին»:

«Ռուսաստանը, որպես Երեւանի դաշնակից միշտ էլ շահագրգռված է եղել հայկական պետության կայունությամբ, ուստի այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, չի կարող չանհանգստացնել մեզ, այդ թվում, ԱՊՀ տարածքում այն կազմակերպությունների խնդիրների նորմալ աշխատանքի տեսանկյունից, որոնց Հայաստանը անդամակցում է»:

«Վերջին մի քանի օրերի ընթացքում մենք բազմիցս մեր մտահոգությունը հայտնել ենք Հայաստանի ղեկավարությանը», - ավելացրել է նախարարը: «Ակնկալում ենք, որ իրավիճակը, այնուամենայնիվ, կառուցողական ճանապարհով կընթանա»:

Նրա խոսքով, Մոսկվայում այս տարվա մայիսին Հայաստանի քաղաքական ճգնաժամի ժամանակ մեծ գոհունակությամբ նշում էին, որ արդյունքում այս ճգնաժամի որոշումը բոլոր առաջատար կուսակցությունների մասնակցությամբ փոխզիջման հիման վրա գտնվեց: «Մենք հույս ունեինք, որ հաշվի առնելով նման արդյունքը, բոլոր քաղաքական ուժերը, նախեւառաջ Հայաստանի նոր ղեկավարությունը հետագայում էլ կզարգացնեն միասնական մոտեցումները, կամրապնդեն ազգային համաձայնությունը», — նշել է Լավրովը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի 1 մասով մեղադրանքներ են ներկայացվել՝ այլ անձանց հետ նախնական պայմանավորվածություն սահմանադրական կարգը տապալելու նպատակով:

Միքայել Հարությունյանը հետախուզման մեջ է, Յուրի Խաչատուրովը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է:

Վերջինս հուլիսի 26-ին մեծ հարցազրույց էր տվել, որի ընթացքում հայտարարել էր, որ իր դեմ հարուցված քրեական գործը շինծու է եւ  քաղաքական պատվեր է:

«Սակայն վերջին օրերի իրադարձությունները ակնհայտ խախտում են նման դրական տրամադրվածությունը, հակասում են Հայաստանի նոր ղեկավարության վերջին հայտարարություններին, որ մտադիր չեն քաղաքական դրդապատճառներով իրենց նախորդների հետապնդումը կազմակերպել », - եզրափակել է նա: