Ի պաշտպանություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու ստրոգրահավաքին այս պահի դրությամբ միացել է 38 պատգամավոր: Այս մասին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Նա նշեց, որ ստորագրողների մեջ են ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ երկու փոխնախագահները՝ Արփինե Հովհաննիսյանն ու Էդուարդ Շարմազանովը:

Նշենք, որ ստորագրահավաքը նախաձեռնել է ԱԺ ՀՀԿ խմբակցությունը։ 

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հայտարարել են, որ նրա խափանման միջոց կալանավորման դեմ Վերաքննիչ բողոքը կներկայացնեն այսօր՝ օգոստոսի 1-ին:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին ՀՔԾ էր ներկայացել Մարտի 1-ի գործով հարցաքննության: Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել: Հուլիսի 27-ին Ռոբերտ Քոչարյանը 2 ամսով կալանավորվել էր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է:

ՀՀ երկրորդ նախագահը հուլիսի 26-ին հանդես էր եկել ծավալուն հարցազրույցով, որտեղ իր նկատմամբ քրեական գործը համարել է շինծու եւ քաղաքական պատվերի շրջանակում: