Վստահ եղեք, որ Հայաստանում ներդրումներ լինելու են։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին լրագրողներին հավաստիացրեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով մեծածավալ ներդրումների մասին իր խոստումներին։

«Ակտիվ աշխատանք է տարվում։ Սակայն, բացմամիլիոնանոց ծրագրերն ու ներդրումները մի քանի օրում եւ ինչու ոչ՝ նաեւ 2 ամսում չի, որ լինում են, ուստի պետք է սպասենք»,–նշեց նա։

Առաջին փոխվարչապետը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանում բիզնես միջավայրն իրապես ազատ է, նոր իրողությունների պայմաններում լայն հնարավորություններ են բացվում ներդրումների համար:

«Ավանդաբար ընդունված է եղել ասել, որ այլ երկրների գործարարները հետաքրքրված չեն Հայաստանում ներդրումներով, ինչն առաջին հերթին պայմանավորված է եղել ոչ թափանցիկ, ոչ մրցակցային միջավայրով: Դա նաեւ պայմանավորված է եղել ոչ անկախ դատարաններով: Խնդիր է եղել նաեւ կապված իշխանության ներկայացուցիչների անձնական բիզնես շահերի հետ, ինչը հսկայական խոչընդոտ է առաջացրել ազատ մրցակցության համար: Ես այսօր պաշտոնապես ուզում եմ հայտարարել, որ անկախ դատարանների, ոչ մրցակցային շուկայի խնդիրը մեկ օրում լուծված է»–նշել է նա։