Հայաստանում անհրաժեշտ է աշխատել հակառուսական տրամադրությունների դեմ: Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի գործընթացներին ռուսական կողմի արձագանքի հետ կապված իրավիճակին նվիրված քննարկման ժամանակ:

«Հակառուսական տրամադրությունների առնչությամբ մամուլը նայեք: Հայաստանում եւս մարդիկ Ռուսաստանի մասին տարբեր կերպ են մտածում»,- նշեց Իսկանդարյանը՝ հավելելով, որ նրանք, ովքեր չեն ցանկանում դա տեսնել՝ հայ-ռուսական հարաբերությունների թշնամին են: «Կան հակառուսական տրամադրություններ եւ լոբբի: Դրան պետք է վարժվել, եւ դրա դեմ պետք է աշխատել: Սա քաղաքական իրողության բաղկացուցիչ մասն է»,- նշեց քաղաքագետը:

Հավասարը հավասարի հետ հարաբերությունների կառուցման անհրաժեշտության մասին գործընկերների մեկնաբանություններին ի պատասխան՝ Իսկանդարյանը նշեց, որ հավասար երկրներ չեն լինում: «Գվատեմալայի եւ ԱՄՆ հարաբերություններում Գվատեմալան հաշվի է առնում, որ դա հարեւան Սալվադորը չէ: Հայերը եւս հասկանում են, թե ինչ է Ռուսաստանը: Հարաբերություններում հարկավոր է առաջնորդվել ոչ թե գեղեցիկ բառերով, այլ իրականությամբ»,- ասաց քաղաքագետը: Նրա կարծիքով՝ այս անգամ հարաբերությունները կկարգավորվեն, սակայն նստվածքը կմնա եւ ամեն անգամ կմեծանա:

«Վերջերս ավարտվել է սպառազինության հերթական խմբաքանակի մատակարարումը՝ «Սմերչի», «Իգլայի», ռադիոտեխնիկական հետախուզման միջոցների, Ծանր հրետանային համակարգի, հրթիռների: Սակայն մամուլում արդեն ենթադրություն կա, որ «Իսկանդերների» եւ կործանիչների մատակարարումները հարցականի տակ են»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը՝ շեշտելով, որ անհրաժեշտ է առաջնորդվել ոչ թե էմոցիաներով եւ անմիտ սպասումներով, այլ պրագմատիզմով: