Հայկական աստղագիտական ընկերության եւ «Անդր դը քամն սքայ» (“Under the Common Sky”) լեհական հասարակական կազմակերպության ծրագրի միջոցով Հայաստանի 5 մարզերի տասը դպրոցներ կստանան աստղադիտակներ:

Բյուրականի աստղադիտարանից NEWS.am-ին հայտնում են, որ Արագածոտնի, Տավուշի, Կոտայքի, Արարատի եւ Սյունիքի մարզերից ընտրված դպրոցներից ֆիզիկայի, մաթեմատիկայի ու աշխարհագրության 20 ուսուցիչներ հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը վերապատրաստում են անցնել Բյուրականի աստղադիտարանում, որպեսզի իրենց դպրոցներում հիմնեն աստղագիտական խմբակ:

«Under the Common Sky» կազմակերպության ղեկավար Էվելինա Գրացկան պատմում է. «Մենք փորձում ենք հանրայնացնել գիտությունը: Իսկ ավելի շատ կենտրոնացած ենք աստղագիտության վրա, որովհետեւ սա լավագույն ճանապարհն է երեխաների հետ ընդհանուր հետաքրքրություն գտնելու ու ստեղծելու համար. աստղագիտությունը հիասքանչ է, ոգեւորող է, այն ավելի հեշտ է գրավում մարդկանց»:

Այս ծրագրի շրջանակներում Լեհաստանի 5 եւ Կիրգիզիստանի 20 դպրոցներ ստացել են աստղադիտակներ ու աստղագիտական խմբակներ հիմնել իրենց դպրոցներում:

Ֆինանսավորումն իրականացվում է «Education for Democracy» հիմնադրամի միջոցով, որի նպատակն է առավել դեմոկրատ հարաբերություն ստեղծել կրթության ոլորտում:

Հայաստանում իրականացվող ծրագիրը անվանվել է «Հայոց երկնքում», որի  կոորդինատոր Սոնա Ֆարմանյանը նշում է՝ թիրախային խումբը մարզերն են. «Հայկական աստղագիտական ընկերության, Բյուրականի աստղադիտարանի ու ՀՕՖ-ի հետ համատեղ իրականացնում ենք մի քանի ծրագրեր (ամենամյան գիտաճամբարներ, աստղագիտական թեմայով դասախոսություններ դպրոցներում, «Ւմ Տիեզերքը» շարադրությունների մրցույթ), որոնց, հատկապես վերջին տարիներին, մարզերն ավելի ակտիվ ենք ներգրավվում: Մենք կարեւորում ենք մարզերում նորարարություների ներմուծումը, կապը գիտության հետ: Վստահաբար, հետագայում շատ աշակերտներ դառնալու են գիտաշխատողներ, աստղադիտարանի աշխատակիցներ»: